Լ. Զուրաբյանն առաջարկում է երկխոսության 4+4+4 ֆորմատ (տեսանյութ)
Այսօր ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց ՀՅԴ նոր պատգամավոր Կարեն Շախմուրադյանին, որը փոխարինում է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին: Նա նաեւ տեղեկարցրեց, որ մարտի 18-ին, ժամը 13:00-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ խմբակցությունների մասնակցությամբ տեղի կունենան Ընտրական օրենսգրքի նոր նախագծի քննարկումներ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ԸՕ քննարկումը ԱԺ-ում կսկսվի մյուս քառօրյայում՝ ապրիլի երկուսից, իսկ մինչ այդ կլինեն լսումներ. «ԸՕ ընդունումը ստացել է շատ կարեւոր նշանակություն, ու մոտեցումը չի կարող լինել ֆորմալ: Ես առաջարկում եմ, որ ԱԺ-ն եւս կարողանա դրան նպաստել, որ լինի քաղաքական երկխոսության՝ 4+4+4 ֆորմատ՝ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ»: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ իշխանության նպատակը ֆորմալ քննարկումներ իրականացնելը չէ, այլ հասնել նոր ԸՕ ընդունմանը, որը հնարավորինս կբարձրացնի ընտրական մեխանիզմների վերաբերյալ հասարակության վստահության մակարդակը. «Մենք սկզբունքորեն պատրաստ ենք ցանկացած հարց քննարկել ու ընդհանուր եզրակացության գալ»: Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ԸՕ քննարկումներին չեն հրավիրվում արտախորհրդարանական կուսակցությունները, որոնք մեկ պատգամավորով հաճախ ներկայացված են ԱԺ-ում. «Սա ի՞նչ է նշանակում»: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ իրենք որեւէ խտրականության չեն գնում. «Մենք պատրաստ ենք բոլորի հետ քննարկման: Մենք լայնախոհ ենք, ու բոլորի առաջարկները պատրաստ ենք լսել»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ապրիլի 22-ին տեղի կունենան խորհրդարանական լայնածավալ լսումներ, որի ժամանակ կարող են մասնակցել նաեւ արտախորհրդարանական ուժերը ու ներկայացնել իրենց առաջարկները: