Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակը շնորհելու է դափնեկրին՝ Երեւանում
The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներն այսօր Նյու Յորքում որոշեցին «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում ընդգրկված մարդասիրության ասպարեզի առաջատարներն ուսումնասիրեցին հավակնորդների հայտերը, որոնք ընտրվել են համաշխարհային առաջադրումների տպավորիչ ցանկից։ Թեկնածությունները դիտարկվել են հավակնորդների գործունեությունը ներկայացնող փաստական նյութերի հիման վրա՝ կարեւորելով ցուցաբերած խիզախությունը, նվիրվումն ու տվյալ համայնքի վրա դրական ազդեցությունը։ «Մեծ պատիվ է գնահատել մարդկանց կյանքը փրկելու համար այդքան զոհողությունների գնացած բացառիկ այս անհատականությունների գործը,– ասել է Ընտրող հանձնաժողովի անդամ եւ 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը,- իբրեւ Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ես մեծ բավականություն եմ զգում, որ մարդասիրության այն ոգին, որի շնորհիվ 100 տարի առաջ այդքան հայ է փրկվել, ապրում է մինչ օրս։ Դրա լավագույն վկայությունն առաջադրված թեկնածուների ծանրակշիռ գործն է»։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը եւ օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Մրցանակն Ավրորա Մարդիգանյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր եւ եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց եւ աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ հազարավոր վերապրումի ու խիզախության անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ եւ կան այսօր։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակը շնորհելու է դափնեկրին 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում։ Դափնեկիրն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։