Վարդենիս-Երեւան ճանապարհը փակ է. վարորդի են ծեծել
Մի խումբ քաղաքացիներ փակել են Վարդենիս-Երեւան ճանապարհը եւ չեն պատրաստվում բացել այն, քանի դեռ տաքսու 38-ամյա վարորդ Արման Խչեյանի աշխատանքը խոչընդոտողները չեն բացահայտվել եւ չեն պատժվել: «Ա1+»-ի հետ զրույցում Արմանն ասաց, որ երեկ անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ծեծել՝ պահանջելով այլեւս մեքենա չվարել: Մեր հարցին, թե ում է կասկածում, նա ասաց՝ Երեւան-Վարդենիս գծի տերերին, սակայն անուններ չնշեց. «Ես իմ մեքենայով ուզում եմ ընտանիք պահել: Կանգնացրեցին մեքենաս, դուրս հանեցին, ծեծեցին, ասացին՝ էլ մի քշի»,-պատմեց վարորդը, ում խոսքով նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, բայց չի դիմել ո’չ ոստիկանությանը, ո’չ էլ շտապ օգնությանը: Արման Խչեյանի խոսքով՝ ամբողջ Վարդենիսն իր կողքին կանգնած է. փակել են ճանապարհը, որպեսզի իրեն ծեծի ենթարկածները պատասխանատվություն կրեն: