Սարգսյան-Պուտին հանդիպման «գաղտնիքը» (տեսանյութ)
Մոտ ապագայում Ռուսաստանը Թուրքիայի հետ դիմակայությունը կփորձի տեղափոխել Սև ծով, և նրան անհրաժեշտ է ունենալ Հայաստանի աջակցությունը։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն այս համատեքստում է դիտարկում Սերժ Սարգսյան - Վլադիմիր Պուտին այսօրվա հանդիպումը։ «Հայաստանի մասնակցությունը և Հայաստանի տարածքը ինքը դիտարկում է որպես ռազմական գործողությունների թատերաբեմ, ինչն անընդունելի և մտահոգիչ է»։ Ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» շաբաթաթերթում օրերս հրապարակվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զորամասերի գտնվելու վայրերը, զինամթերքի մասին տեղեկատվություն։ Ստեփան Սաֆարյանը նշում է. «Դա մեսիջ էր, որ տղերք իմացեք՝ Ադրբեջանից թույլ եք և համաձայնվեք այն առաջարկին, որը ձեզ կարվի Մոսկվայում։ Ինքը ինչ է ասում՝ ձեր պրոբլեմների պրոբլեմը Թուրքիան է, եկեք իրար հետ լուծենք Թուրքիայի հարցերը»։ Մինչդեռ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հանգիստ է վերաբերվում պարբերականի նման հրապարակմանը՝ խորհուրդ տալով մեծ նշանակություն չտալ։ «Այդ թվերի 99%-ը վերցված են տարբեր ձևերով բաց աղբյուրներից և ի դեպ, ասեմ՝ մի քանի անգամ այդ թվերը իրականում ավելի նվազ են, քան ռազմական պոտենցիալը, որն ունի ԼՂ ՊԲ-ը, կամ ՀՀ Զինված ուժերը»։ Քաղաքագետը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի այս հանդիպումից հետո որեւէ փոփոխություն կլինի ԼՂ հարցում։ «Եթե ինչ-որ տեղաշարժեր կարող են լինել, միայն և միայն այն խնդիրների շուրջ, որը վերաբերվում է սահմաններում լարվածության նվազեցման մեխանիզմների առումով»։ Նա այս շաբաթ մասնակցել է Թբիլիսիում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հայկական ու ադրբեջանական փորձագիտական շրջանակների մասնակցությամբ փակ քննարկմանը։ «Քննարկվել են միայն և միայն մադրիդյան սկզբունքների, հնարավոր իմպլեմենտացիայի հարցեր։ Կոնսուլտատիվ նշանակություն ուներ Մինսկի խմբի համանախագահների տեսանկյունից, որոնք միշտ կարիք ունեն նոր գաղափարների»։ Նրա տպավորությամբ՝ Ադրբեջանում սկսել են հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի թեժացումը ոչ միայն խաղաղ բանակցային գործընթացն է խաթարում, այլ հայկական կողմին ստիպում է կարծրացնել դիրքորոշումը։