Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր մարզիկներն էլ են օգտագործել Շարապովայի խթանիչից» (տեսանյութ)

Սպորտ
sport-doping

Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Արեգ Հովհաննիսյանին չի զարմացել այն, որ ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի դոպինգ թեսթը դրական արդյունք է տվել: «Անկեղծ ասած, ռուսաստանցի մարզական բժիշկներն այնքան էլ մաքուր չեն աշխատում» - նշում է նա: Թենիսի Ավստրալիայի 2016 թվականի բաց առաջնությունից առաջ Շարապովայի  օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում: Թենիսիստուհին հայտարարել է, որ  վերջին 8 տարիներին առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառով է ընդունել այդ դեղամիջոցը՝ որպես օրգանիզմի ֆիզիկական և նյարդահոգեբանական դիմացկունությունն ապահովող միջոց: Արեգ Հովհաննիսյանը չի թաքցնում, որ մեր մարզիկները  նույնպես ընդունել են մելդոնիում, բայց մինչեւ նախորդ տարի: «1994 թվականից մեր մարզիկները մշտապես օգտագործել են մելդոնիում, հատկապես Ծաղկաձորի բարձր լեռնային պայմաններում: Սակայն անցած տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ այն շուտով ընդգրկվելու է արգելված դեղամիջոցների ցանկում: Քանի որ մեր համարյա բոլոր հավաքականներին դեղերով ապահովում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, ապա անցած տարվա սեպտեմբերից մելդոնիումը հանված է դեղերի ցանկից եւ այլեւս չի տրամադրվում մեր թիմերին» - ասում է Արեգ Հովհաննիսյանը: Իսկ ինչպես կարելի է մեր մարզիկներին պաշտպանել անցանկալի խթանիչներից: Արեգ Հովհաննիսյանն ասում  է, որ ամեն ինչ կախված է հենց մարզիկներից: «Կան մարզիկներ, որոնք մշտապես կապ են հաստատում մեր հետ, խորհուրդներ են հարցնում: Օրինակ, հունահռոմեական ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը: Եթե բոլոր մարզիկներն այդպես մտածեն եւ վարվեն, ապա մենք դոպինգի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունենա» - եզրափակեց փորձառու մասնագետը: Նշենք, որ եթե Մարիա Շարապովայի երկրորդ դոպինգ թեսթը կրկին դրական արդյունք տա, ապա նրան առավելագույնը սպասվում է 4 տարվա որակազրկում, բայց քանի որ ռուս թենիսիստուհին ինքնակամ է հայտարարել այդ մասին, ապա նրա պատիժը հնարավոր է մեղմացվի: