Գունավոր շիլաշփոթ` առաջիկա ընտրություններում (տեսանյութ)
Հանրապետական շիլաշփոթի ենք վերածելու առաջիկա ընտրությունները եւ չենք կարողանալու դուրս գալ. այսպես է բնութագրում Ընտրական նոր օրենսգիրքը փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքերով՝ կատարվելու է գունային ընտրություն, քանի որ ընտրողին տրվելու է տարբեր գույների քվեաթերթիկ եւ այդ քվեաթերթիկով մտնելու է ընտրատեղամաս: «80 տարեկան պապի, որին դրսում հրահանգավորելու են , եւ ոչ միայն պապիկին, այլ նաեւ 100 հազարավոր ընտրողների, որ կմտնես եւ կընտրես կանաչ կամ կարմիր գույնը: Այսինքն՝ ընտրական բուն մեխանիզմը եւ պատկերացումները արժեզրկվում են, եւ մարդիկ ընտրության են գնալու գունային պատկերացումներից ելնելով»,- ասաց Նորայր Նորիկյանը: Նրա խոսքերով՝ գաղտնիության սկզբունքն էլ է աղավաղվում, ոչ մեկը չի երաշխավորում գաղտնիությունը: Փաստաբանին հատկապես մտահոգում է այն, որ ըստ էության մեծամասնական ընտրական համակարգը չի վերանալու: «Եթե դուք բնակվում եք Հարավ-արեւմտյան թաղամասում, եւ եթե ընտրելու եք հանրապետական կուսակցությանը, դուք այլեւս իրավունք չունեք տարածքային ցուցակով ընտրելու X կուսակցության ներկայացուցչին: Դուք պարտադրված եք լինելու ընտրելու հանրապետական կուսակցության կողմից ընտրատարածքային ցուցակով առաջադրված թեկնածուին: Ենթադրենք, այդ տարածքում առաջադրվել է Սամվել Ալեքսանյանը, եթե ձեր ձայնը տալիս եք հանրապետական կուսակցությանը, ապա նրան պետք է ընտրեք: Սա շիլաշփոթ է դարձել»,- ահազանգում է փաստաբանը: Նա նաեւ անդրադարձավ ԶԼՄ ներկայացուցիչներին եւ վստահված անձանց հանձնաժողովի նիստից կամ քվեարկության սենյակից հեռացնելուն, նշելով, որ նախկինում միայն ձերբակալման դեպքում կարող էին հեռացնել, իսկ հիմա բաց տեղ են թողել եւ ցանկացած պահի կարող են հեռացնել: