Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպիսին է պետք Հայաստանը ԱՄՆ-ին

Քաղաքականություն
hh

Ստեղծվող նոր իրավիճակում զարգացման եւ անվտանգության ապահովման համար Հայաստանին անհրաժեշտ է գրավել Արեւմուտքի ուշադրությունը՝ նորամուծություններ ու նոր լուծումներ առաջարկել, համոզված են ամերիկացի վերլուծաբանները: «Միացյալ Նահանգներում եւ ընդհանրապես Արեւմուտքում մարդկանց մեծամասնությունը ցանկանում է Հայաստանը բարգավաճող տեսնել, քանի որ Հայաստանին դրական են վերաբերվում»: Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի խոսքով, երկրին անհրաժեշտ է առաջին հերթին բարելավել կառավարման ոլորտն ու բարեփոխումներ իրականացնել, որոնց թվում դեսպանը նշում է սահմանադրական բարեփոխումների ընդունումը. «Միգուցե, դա կամրապնդի քաղաքական կուսակցությունների համակարգը եւ կառավարության վարկանիշը կբարձրանա քաղաքացիների աչքերում»: Կառավարման բարելավումն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը Հայաստանի առաջնահերթ նպատակներն են՝ հաջողության հասնելու համար, համոզված է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը. «Հայաստանը պետք է իրական առաջարկներ դնի սեղանին, նո՛ր գաղափարներ առաջարկի, առաջ բերի նո՛ր սերնդի առաջնորդներ»: Վերլուծաբանի խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է նաեւ մեծացնել սեփական դերը տարածաշրջանում՝ մեծ դերակատարների համար հետաքրքիր դառնալու նպատակով. «Դա ներառում է Ռուսաստանի եւ այլ գործընկերների հետ աշխատանքը՝ Իրանի նոր դերից շահեր քաղելու միջոցներ հայթայթելու նպատակով»: Տնտեսական խնդիրներից եւ արտագաղթը կանխելուց բացի, Հայաստանը որոշ անելիքներ ունի նաեւ արտաքին ասպարեզում, համոզված է «Ամերիկյան ձեռնարկատիրություն» հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը: «Այսպիսով, Արեւմուտքի ուղղությամբ, հիմնական նպատակների հետ միասին, Հայաստանն ունի դիվանագիտական եւս մեկ նպատակ, այն է՝ ներկայանալ որպես ինքնուրույն ուժ, որը Մոսկվայից կախվածության մեջ չէ»: ԱՄՆ-ի նախկին դեսպան Էվանսն այս խնդրին այլ կերպ է նայում. «Հայաստանը իր անվտանգությունն ապահովելու հարցերում ստեղծված իրավիճակում ստիպված է հենվել Ռուսաստանի վրա, այնպես որ, տարածաշրջանին ծանոթ մարդիկ նման սերտ համագործակցությանն ըմբռնումով են մոտենում»: Կարեւորն այն է, ընդգծում է դեսպանը, որ Հայաստանը եղել եւ մնում է ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը եւ չի փոխել ժողովրդավարության զարգացման ուղղվածությունը: Ամերիկայի ձայն