Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրապահ աղջիկները տղաների հետ երդում տվեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
2

Այսօր ամբողջ հանրապետությունում պատանի երկրապահների շարքերը համալրելու առթիվ երդում են տալիս 20.000 պատանիներ։ Եռաբլուրի մատուռում այս խորհրդանշական օրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տարեդարձին, կատարվեց պատանի երկրապահների օրհնության կարգ։ Ավելի ուշ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում մի քանի հարյուր երկրապահներ  երդում տվեցին՝ նպաստելու հայրենիքի բարօրությանը, սատար կանգնելու Հայոց բանակին։ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն իր ողջույնի խոսքն ուղղեց պատանիներին. «Դուք արդեն լիարժեք իրավունքների տեր եք, կարող եք պատասխանատվություն ստանձնել պետական, քաղաքական, հասարակական կառույցներում։ Դուք պարտավոր եք տեր կանգնելու մեր երկրին, պետությանը, սահմաններին»։ 3 Երդման արարողությանը հաջորդեցին պատանիների ու աղջիկների ցուցադրական ելույթները։ ԵԿՄ-ի հետ համագործակցում են նաև սպորտային ակումբներ, ֆեդերացիաներ, որոնք նույնպես հանդես եկան վարժություններով։ Պատանի երկրապահները ոգևորված էին արարողությամբ։ «Ես շատ եմ սիրում երկրապահներին։ Իմ կամքով եմ մտել ԵԿՄ։ Մենք շարային ենք կանգնում, զենք ենք քանդում-հավաքում։ Որոշել եմ դառնալ բժշկուհի, որպեսզի բուժեմ զինվորներին։ Ուզում եմ գնալ բանակ, որ պահեմ իմ երկիրը»,-ասաց պատանի երկրապահներից Արևիկ Մուրադյանը։ «Հավաքվել ենք, որ մեր երդումը տանք մեր հայրենիքին։ Հայրենիքիս ցանկանում եմ խաղաղություն, իսկ ես հետագայում դառնալու եմ հայրենիքի պաշտպան, զինվոր»,-նշեց Արուսիկ Խաչատրյանը։ «Կարևորն այն է, որ մեր Վազգեն Սարգսյանի ծնունդն է։ Ուզում եմ գնամ բանակ, ծառայեմ Հայաստանին»,-իր հերթին ասաց Արմեն Բադալյանը։ Միջոցառմանը մասնակցում էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ նախարարներ։ 1