«Շատ մոլեր ունենալը մեր երկրի ՀՆԱ-ին ոչ մի բան չի տալիս» (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն այսօր ներկա էր «Ռոսիա մոլ»-ի բացմանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա, չթերագնահատելով այս նոր կառույցի բացումն ու հեռանկարները, մի նկատառում արեց. «Շատ մոլեր ունենալը մեր երկրի ՀՆԱ-ին ոչ մի բան չի տալիս. հաճախ փոքր բիզնեսը փոխարինում են խոշորով: Իհարկե, դա չի նշանակում, որ մոլ չպետք է ունենանք»: Անդրադառնալով մեր բանկային համակարգի վրա հաքերային հարձկման փաստին՝ պարոն Բագրատյանը նկատեց. «Մեր բանկային համակարգի կայունությունը մեր աղքատությունն է. եթե մենք աղքատ ենք, այն կայուն է, եթե ուզում ենք հարստանալ, ապա այն անկայունության էլեմենտ էլ կդրսեւորի: Դուք գիտեք, որ ես ատում եմ մեր բանկային կառավարման համակարգը, այնպես որ կարող էիք այդ հարցը չտալ. պատասխանը պարզ է»: Նա նաեւ դեմ է վերջին շրջանում արձանագրված բանկերի միավորմանը. «Բանկերը միավորելով՝ մենք բանկային ռիսկը խոշորացնում ենք: Դա սխալ քաղաքականություն է»: Խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծից, Հրանտ Բագրատյանն ընդգծեց, որ վերջնական տեքստը դեռ չի կարդացել. «Մեզ չեն տվել. մեզ տվել են միայն բացատրությունները, ըստ որոնց՝ չնայած Սահամանադրությունն ասում է համամասնական ընտրակարգի մասին, բայց մենք մեծամասնական ընտրակարգի ընդլայնում ունենք, այսինքն՝ եթե նախկինում 131 պատգամավորից 40-ն էր մեծամասնական, հիմա՝ մոտավորապես կեսը: Սա այն խաբկանքն է, որ մենք զգուշացնում էինք, եւ ես պարզապես գտնում եմ, որ նրանք, որոնք նախապատրաստել են այս Սահմանադրությունը, ովքեր գնացին այդ հանրաքվեի կեղծումներին, եթե ամոթ ունեն, պիտի գետինը մտնեն»: Այն, որ ԸՕ նախագիծը նախ անգլերենով հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի կայքում, ապա՝ միայն տեղեկացվել ՀՀ քաղաքական ուժերին, Հրանտ Բագրատյանը կտրուկ արձագանքեց. «Ես ատում եմ Վենետիկի հանձնաժողովը, միջազգային ֆինանսական հաստատությունները, ԵՏՄ եւ այլն: Դրանք բոլորը կառույցներ են, որոնք հաճույքից հպարտանում են, որ որեւէ վատ բան է տեղի ունենում ՀՀ-ում»: Նոր ԸՕ խնդիրներից մեկն էլ նա ընտրացուցակների հարցը. «Այստեղ ոչ մի ուղղում չի լինի. 700 հազար ավելի տրված անձնագիր կա, որոնց տերերը չեն գալու քվեարկության: Ես խորը հիասթափություն եմ ապրում: Հիասթափություն եմ ապրում, երբ ՍԴ նախագահը սա գովում է, քանի որ իր հերթական ազգականը գործի կնշանակվի. մի եղբայրը՝ փոխնախարար, եղբորորդին՝ փոխնախարար, իր քույրը՝ փոխնախարար: Հիասթափություն եմ ապրում, երբ Խոսրով Հարությունյանի նման մարդիկ են գովում այդ Սահմանադրությունը: Նույն պատմություններն են: Մենք լուրջ ռիսկի տակ ենք դրել մեր եւ ձեր կյանքը: Այսպիսի կեղծ մթնոլորտում ապրելով, երկրում չտեսնելով առաջընթաց՝ մի օր սա կընդհատվի, կընդհատվի պետության կորուստով»: