Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ատելությունն ու էրոտիկ ժանրը բավականին մեծացել է» (տեսանյութ)

Հասարակություն
diana

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում այսօր տեղի ունեցավ երիտասարդ գրող Ռեգինա Ամատունու «Ես եմ» և «Կեր և Ասպրամ» գրքերի շնորհանդեսը: «Ես իմ տողերում միայն սեր եմ պրոպագանդում առ հայրենիք, նվիրվածություն առ հայրենիք: Յուրաքանչյուրս մեր սրտում պետք է կրենք այդ սերը, եթե չսիրես հարևանիդ, չսիրես դիմացինիդ, ապա, բնականաբար, չես կարող գտնել նաև քո մեծ սերը: «Ես եմ» գրքում կա առանձին մի  պատմվածք՝ «Ճանապարհ դեպի անմահություն» վերնագրով, որը հենց Արցախյան հերոսամարտին է նվիրված, իսկ մնացածները պատմվածքներ են, որոնց մեջ խոսվում է մարդկային հարաբերությունների և հայրենիքի մասին»,-«Ա1+»-ի հետ զրույցում  շեշտեց գրքերի հեղինակը: Վերջինիս խոսքերով՝ դրանք իր առաջին գրքերն են, որոնք տպագրվել են 2014-2015թթ-ին: «2016թ-ին ընթերցողների դատին կհանձնեմ նաև «Հայոց աշխարհի տերերը» ստեղծագործությունս, որն ամբողջությամբ պատմում է Արցախյան պատերազմի մասին, թե ինչպես կազմավորվեցին կամավորական ջոկատները, ինչպես մեր տղաները պատվով դուրս եկան այդ պատերազմից և ինչպես ենք մենք առ այսօր տանում այդ պատերազմը»,-ասաց նա: Ռեգինայի հավաստմամբ՝ «Կեր և Ասպրամ» գիրքը նա գրել է ընդամենը երկու գիշերում, ոգեշնչվելով՝  հայ թագուհիների կերպարներից, մասամբ նաև Ֆրիդրիխ Շիլլերի գործերից: «Դա ամբողջությամբ իրական հիմքերի վրա գրված պատմվածք է՝ մերօրյա հերոսների մասին, որոնք ժամանակի առումով տեղափոխվել են միջնադար»,-նշեց Ռեգինա Ամատունին: Գրքերը  լույս են տեսել նախնական 500 օրինակով, սակայն հեղինակի տեղեկացմամբ՝ շուտով նաև կվերահրատարակվեն: Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդ  գրողների ստեղծագործություններն ու գրական փորձերը, ովքեր փորձում են ավանդ ներդնել հայ նորագույն գրականության ասպարեզում: «Ա1+»-ի  հարցին ի պատասխան հեղինակն ասաց. «Գրողները շատ են և ես դրա համար շատ ուրախ եմ: Բայց մի մտավախություն կա, որ արժեքային համակարգը կորցվել է: Չեն կարողանում գրել այն ամենը, ինչը պետք է երիտասարդներին ստիպի սիրել միմյանց, ժպտալ, ատելությունն  ու էրոտիկ ժանրը բավականին մեծացել է Հայաստանում և դա մտահոգության առիթ է տալիս»: