Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իվետա Մուկուչյանն իր գործը լավ է անում. հայտնիները՝ Եվրատեսիլի մասին

Հասարակություն
iveta-1

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Իվետա Մուկուչյանի երգը երեկ հանձնվել է հանդիսատեսի դատին: Love Wave կոչվող երգի համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Որքանո՞վ է հաջողված երգը եւ ի՞նչ շանսեր ունի Իվետան «Եվրատեսիլում», «Ա1+»-ը փորձել է պարզել մրցույթի թոհուբոհին անձամբ ծանոթ երաժիշտներից: Գոռ Սուջյանը, որը մեր երկիրը «Եվրատեսիլում» ներկայացրել է 2013 թվականին, կարծում է, որ Իվետա Մուկուչյանն իր գործը լավ է անում: Խոսելով մեր հաղթանակի հավանականության մասին, երգիչը նշեց. «Շանսերի մասին սխալ եմ համարում խոսելը, այդ մասին պրոդյուսերները պետք է մտածեն: Նույնիսկ հեռուստադիտողը չպետք է անի կանխատեսումներ, քանի որ այդ պատճառով է, որ մրցույթը միշտ ցավոտ է վերջանում թե’ արտիստների, թե’ դիտողների համար»,-ասաց նա՝ մաղթելով Իվետային հաջողություն եւ վստահություն: Երգչուհի Նադեժդա Սարգսյանն էլ, որի դուստրը՝ Էմմին, մասնակցեց «Եվրատեսիլին» 2011 թվականին, վստահ է, որ Իվետա Մուկուչյանը կկարողանա լավ կատարել այն, ինչ անհրաժեշտ է. «Նա իր ձայնով եւ տեսքով համապատասխանում է միջազգային բեմին: Շատ լավ ընտրություն են կատարել,-ասաց նա՝ հավելելով, որ երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա մրցույթը. -Քաղաքականացված մրցույթ է, ես չեմ ցանկանում գուշակել, թե ինչ է լինելու, բայց ուզում եմ, որ լավ լինի: Իվետան այն երգչուհիներից է, որն իրեն չի կորցնում, համարձակ եւ վստահ աղջիկ է: Ես ուզում եմ, որ նա իր համարձակությունը օգտագործի բեմում: «Եվրատեսիլն» այնպիսին է, որ հենց բեմ ես բարձրանում, ուրիշ բան է լինում: Եթե նա կարողանա իրեն հավաքել, իսկ ես 99 տոկոսով վստահ եմ դրանում, ապա ամեն բան լավ կլինի»,-եզրափակեց Նադեժդա Սարգսյանը: