«Պարտադիր չէ, որ Արթիկում ծառայողական մեքենաները 20.000 դոլարանոց լինեն»
Սեպտեմբերին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը և «Միացյալ երիտասարդական լիգա» շարժման նախագահ Սևակ Հովհաննիսյանը:
«Հիմնական նպատակը քաղաքի համար փոփոխություններ կատարելն է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ամենաերիտասարդ թեկնածուն՝ Սևակ Հովհաննիսյանը: Վերջինս 27 տարեկան է, բնիկ Արթիկից: Պարոն Հովհաննիսյանն իր գործունեության ընթացքում հատկապես աչքի է ընկել աղանդների դեմ պայքարով: Ինչո՞ւ է ցանկանում քաղաքապետ դառնալ. «Արթիկի համար ոչ մի դրական փոփոխություն չի կատարվել: Առաջնահերթը աշխատատեղերի հարցն է, որով ես կզբաղվեմ քաղաքապետ ընտրվելու դեպքում: Բայց հիմա էլ հնարավորինս փորձում եմ օգնել մարդկանց»:
Հարցին, թե ինչ կարող էին անել նախկին քաղաքապետերը, որ չեն արել, նա նշեց. «Քաղաքի փոքր բյուջեով բոլորովին պարտադիր չէ, որ ծառայողական մեքենաները 20.000 դոլարանոց լինեն, պարտադիր չէ հավելյալ աշխատակիցներ պահել»: Մյուս թեկնածուներին պարոն Հովհաննիսյանն իրեն մրցակից չի համարում և կարծում է, որ քաղաքին ավելի երիտասարդ քաղաքապետ է պետք: Ինքը դեռևս անկուսակցական է: Պարոն Հովհաննիսյանը մեծ վստահություն ունի, որ սեպտեմբերին սպասվող ընտրություններին հաջողության կհասնի:
Իսկ գործող քաղաքապետ Արսեն Աբրահամյանը դեռևս չի մտածում ընտրությունների մասին: «Ես այս պահին զբաղված եմ քաղաքի համար կարևոր խնդիրների լուծմամբ: Դրանք բազմաթիվ են ու բազմազան»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա: Ասում է՝ քաղաքապետարանին կից հանրային խորհրդակցական մարմնում ընդգրկված են բոլոր առաջնահերթ խնդիրները: Դիտարկմանը, թե թեկնածուներից մեկը նշել է, որ քաղաքապետարանին տրամադրվող գումարները վատնվում են թանկ ծառայողական մեքենաների, հավելյալ աշխատակիցների վրա, պարոն Աբրահամյանը նշեց. «Հակառակորդի արժանիքները նսեմացնելու համար է այդպես ասվել»:
Քաղաքապետի պաշտոնի համար մյուս թեկնածուներին իրեն մրցակից համարո՞ւմ է, նա ասաց. «Իհարկե, բոլորն էլ մրցակից են»:
Պարոն Աբրահամյանն ինքն էլ համամիտ է, որ Արթիկում դեռևս շարունակում է խնդիր մնալ աշխատատեղերի հարցը. «Դա բարդ, գլոբալ խնդիր է ոչ միայն Արթիկի, այլև ամբողջ մարզի և հանրապետության համար: Լուրջ ներդրումներ է պետք այդ խնդիրը կարգավորելու համար: Բյուջեն 400 մլն դրամ է, իսկ քաղաքի կարիքները 3 մլրդ դրամից անցնում են: Պարզ է, որ այդ բյուջեն չի կարող բավականացնել»: