Վարդգես Գասպարիին 6 ժամով հեռացրին նիստերի դահլիճից (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կրկին պառկեց դատարանի դահլիճում, երբ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը նրան 30 վայրկյան ժամանակ տվեց՝ միջնորդություն ներկայացնելու համար։ Մինչ այդ, Գասպարին մոտ 30 րոպե պատմում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին, ինչից հետո դատավորն ընդհատեց նրան։ Դատավորի և Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանի միջև պարբերաբար վեճ էր տեղի ունենում. Եգորյանը առարկում էր դատավորի գործողությունների դեմ, իսկ դատավորը նրա նկատմամբ կիրառում էր սանկցիա՝ նախազգուշացում։ «Ամեն նիստից հետո սանկցիաների զամբյուղով ենք հեռանալու»,- ասաց Տիգրան Եգորյանը։ Այս պահին Գասպարին դեռ պառկած է նիստերի դահլիճում։ Դատավորը հայտարարեց 5 րոպեանոց ընդմիջում. այդ ընթացքում Գասպարիին պետք է հեռացնեին նիստերի դահլիճից 6 ժամով։ Վարդգես Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը ևս լքեցին դատական նիստերի դահլիճը՝ նշելով, որ առանց իրենց պաշտպանյալի չեն կարող մասնակցել նիստերի և ստիպված են հեռանալ։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց, որ թույլ չի տալիս հեռանալ և դիմելու է Փաստաբանների պալատի նախագահին՝ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Ընդմիջումից հետո նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 3-ը: