«Սա թուքումուր է մեր իշխանություններին» (տեսանյութ)
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ հայտնի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի սպասված համերգը՝ ի աջակցություն Գյումրու անօթեւան ընտանիքներին։ Նախաձեռնությունը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ հունվար ամսին մեկնարկած դրամահավաքի մի մասն է, որի նպատակն է 53 օրում http://www.crowdfunder.co.uk/ կայքի միջոցով հավաքել 120000 ֆունտ ստեռլինգ 13 անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար։
Անվանի դաշնակահարը ելույթ ունեցավ անօթեւան ընտանիքներից մեկի ժամանակավոր կացարանի հարեւանությամբ։ Հայկ Բարսեղյանի խոսքով՝ համերգի վայրը հատուկ էր ընտրված՝ նպատակ ունենալով հանրության եւ պետական մարմինների ուշադրությունը բեւեռել ծանր պայմաններում ապրող ընտանիքներին։
«Ամեն ընտանիքի պատմություն այնքան էլ հասարակ չէ, ինչպես թվում է. այնպես չէ, որ նրանք տունը կորցրել են եւ հայտնվել են այս ծանր վիճակում, նրանք շատ բաների միջով են անցել։ Մեր վերջնանպատակը համաշխարհային հարթակում աղմուկ բարձրացնելն է, որպեսզի իշխանությունները մեզ չանտեսեն եւ սկսեն հարկադրված, ստիպված այս հարցին լուծում տալ։ Դիմել ենք պետական մարմիններին եւ սպասում ենք նրանց արձագանքին։»։
72-ամյա Գեղեցիկ Գեւորգյանը, ում տնակի հարեւանությամբ հանդես էր գալիս հանրաճանաչ դաշնակահարը, անկողնային հիվանդ է, ունի լուրջ առողջական խնդիրներ։ Նրա որդին՝ Սամվել Գեւորգյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ այժմ նրանք ոչ մի կառույցի չեն դիմել։
«Ես ինչքան մեզ հիշում եմ, ապրում ենք տնակներում, այնքան վատ բան ենք տեսել, որը լավը մի քիչ հավատալու չէ։ Պետք է, որ լավ լինի, գոնե երեխաները տուն ունենան, մենք դեռ ոչինչ»։
Նախաձեռնությանը եկել էր աջակցելու նաեւ դերասան Հայկ Մարությանը. «Եկել ենք եւ Տիգրանին լսելու, եւ այս ամենը ավելի հնչեղ դարձնելու։ 27 տարվա ընթացքում պետությունը չի կարողացել լուծել տնակների խնդիրը, ինչը պարտավոր էր անել։ Գյումրեցիները ստիպված իրենց ուժերով են փորձում դա անել, սակայն իմ կարծիքով՝ մարդիկ դեռ բավականաչափ ակտիվ չեն, չգիտեմ, միգուցե արդեն սովորել են, որ ոչինչ հնարավոր չէ ուղղել, հիասթափվել են։ Մենք բոլորով պետք է միանանք այս նախաձեռնությանը, իսկ պետական մարմիններից, անկեղծ ասած, ոչինչ չեմ սպասում»։
Համերգին ներկա էր նաեւ Անահիտ Բախշյանը, ով նույնպես եկել էր աջակցելու անօթեւան ընտանիքներին։
«Պարզապես փայլուն համերգ էր. ուզում ես կյանքդ էլ տաս, որ նրանք հասնեն իրենց նպատակին։ Կեցցեն Տիգրանը, Հայկը եւ մյուս երիտասարդները։ Նրանք այս նախաձեռնությամբ վարակում են բոլորին։ Սա պարզապես թուքումուր է մեր իշխանություններին, որ այսքան տարիներ շարունակ Գյումրին աշխարհին այս տեսքով են ներկայացրել։ Եթե նայենք, թե ինչ գումարներ են եկել, ինչ ներդրումներ ենք ունեցել, եւ այս է վիճակը։ Վերջին տարիներին անընդհատ լսում եմ՝ օգնում ենք, օգնում ենք, ոչ մի տեղ դա չի երեւում։ Թող միջազգային հանրությունը տեսնի ու ասի՝ այս ինչ վիճակում է քո երկիրը։ Սա ամոթ է, սա բոլորիս ամոթն է»։
Համերգի ավարտին Տիգրան Համասյանը պարգեւատրվեց Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ ներկաները հնարավորություն ստացան հենց տեղում գումար նվիրաբերելու։
Դրամահավաքը շարունակվում է։
