Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կզսպեն Թուրքիայի աճը (տեսանյութ)
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև տեղի ունեցած երկարատև բանակցությունների արդյունքում Սիրիայում 2 շաբաթով հաստատվել է հրադադարի ռեժիմ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ այս պահից սկսած թևակոխում ենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերի համատեղման շրջանը: Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի՝ այդ շահերի տարբերությունն արմատական է : «Ռուսաստանն ուզում է, որ Սիրիան միասնական մնա, բայց բնական է, որ դա դուր չի գալիս ԱՄՆ-ին, որն էլ ուզում է Սիրիան մասնատել տարբեր շրջանների: Սա էլ իր հերթին համընկնում է Թուրքիայի և Իսրայելի շահերի հետ: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ յուրաքանչյուրն ուզում է իր շահն առաջ տանել»,-ասում է քաղաքագետը: Վերջինս կարծում է, որ ԱՄՆ-ն այս հարցում, այնուամենայնիվ, նահանջելու է, բայց ոչ թե այն պատճառով, որ թույլ է կամ վախենում է, այլ ԱՄՆ-ի հետաքրքրությունն արդեն տասը տարի է, որ ուղղված է դեպի Արևելյան Ասիան: «Մերձավոր Արևելքում ռուսներին զիջելը շատ բան չի նշանակում նրանց համար, ուրիշ հարց է, որ դրա դիմաց նրանք կստանան ռուսների գաղտնի համակրանքը կամ համաձայնությունը Ավստրալիայում կամ դրա հյուսիսային նահանգներում ԱՄՆ-ի ուժեղացման համար»,-նշեց պարոն Շիրինյանը: Այս համատեքստում բանախոսն անդրադարձավ Հայաստանի շահերին՝ ասելով , որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կարող ենք շահել նաև մենք: «Ես դժվարանում եմ ասել, թե մենք պետականորեն արդյոք կկարողանա՞նք մեքենան տեղից շարժենք: Եթե այդպես լինի, շահելու ենք՝ Ռուսաստանի հետ որպես ռազմավարական գործընկեր և դաշնակից, իսկ եթե քոծի նման ենք լինելու, ինչպես շատ հաճախ ընդունված է մեր ժողովրդի մոտ ռուսների հանդեպ, ապա գործն առաջ չի գնա: Մենք պետք է պատրաստ լինենք հավասարակշռված ձևով՝ չհակադրվելով ԱՄՆ-ին համագործակցենք ռուսների հետ»,-շեշտեց քաղաքագետը և հավելեց. «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կզսպեն Թուրքիայի աճը, իսկ մենք պետք է մասնակցենք այդ գործընթացին: Թուրքիան տևական անկայունության ժամանակաշրջան է մտել»: