«Ջինսը դարձել է դասական». դիզայների խորհուրդը
Փետրվարի 26-ին ծնվել է Լիվայ (Լեվի)Ստրաուսը: Հենց նրան է աշխարհը պարտական այդչափ սիրված ու հարմարավետ ջինսե հագուստի համար: «Ջինսը դարձել է արդեն դասական»,- ասում է դիզայներ Արամ Նիկոլյանը։ Նա չի հիշում մի ժամանակահատված, որի ընթացքում ջինսը նորաձեւ չի եղել:
«Աշխարհն այսօր գնում է հարմարավետության, ուստի ջինսն այս առումով մշտապես պահանջված է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Նիկոլյանը՝ հավելելով, որ բախտ է ունեցել անձամբ ծանոթանալու ջինսի ստեղծման հետաքրքիր գործընթացին: Տարիներ առաջ՝ 2008 թվականին, ջինսի արտադրություն էր նախաձեռնել Հայաստանում, սակայն ծրագիրը հաջողությամբ չի պսակվել.
«Խնդիրը այդ ժամանակվա լարված քաղաքական վիճակն էր, նաեւ տնտեսական ոչ բարվոք վիճակը, որ չկարողացանք հաջողել»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե հաճախ է խոսվում, որ ջինսե տաբատների պատճառով աղջիկները մոռանում են «կանացի» շրջազգեստների մասին, Արամ Նիկոլյանը պատասխանեց, որ ցանկացած բան, ինչը կիրառվում է չափից դուրս շատ եւ ոչ տեղին, արդեն իսկ սխալ է:
«Խորհուրդ կտամ որոշ տեղերում պահպանել դրես-կոդը, չնայած որ վերջին շրջանում շատ է նաեւ կոկտեյլային հագուստի համադրությունը ջինսի հետ»,-եզրափակեց նա:
Ջինսից հագուստն առաջին անգամ ի հայտ է եկել 1850 թվականին՝ Ստրաուսի շնորհիվ, ով հետագայում հիմնել է «Levi Strauss & Co.» ընկերությունը: