«Իշխանափոխության համար 3-4 նախարարը քիչ է» (տեսանյութ)
«Այս կոալիցիան ուղերձ էր ՝ ուղղված քաղաքացիներին, որ հաջորդ ընտրություններում կրկնվելու է այն, ինչ-որ եղել է նախորդ ընտրություններում, այսինքն ժողովրդի ձայնը, ընտրազանգվածի ձայնը կարևոր չի լինելու»,- ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն այսպես է բնութագրում հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Վերջինիս կարծիքով՝ եթե այդ համագործակցությունն իշխանափոխության համար է, ապա նշանակում է, որ այն լինելու է հայկական ձևով: «Էլիտան հանձնելու է իշխանությունը՝ մի մասը հանձնելու է մյուսին , ինչպես օրինակ եղավ նախորդ անգամ, երբ ՀՀՇ-ն իշխանությունը հանձնեց Երկրապահին, վերջինս էլ իր հերթին այն տվեց հանրապետականներին»,- բացատրեց պարոն Արշակյանը: Նա գտնում է, որ այդ համագործակցության մեջ ակնհայտ թերություններ կան: « 3-4 նախարարությունը քիչ է: Եթե ՀՀԿ-ն իշխանությունը սահուն ձևով փուլ առ թուլ պետք է հանձնի ՀՅԴ-ին, ապա նրանցից 3-4 հոգին քիչ է: Ես այդպես եմ հասկանում, որ հանրապետական կուսակցությունն աստիճանաբար իշխանությունն ուզում է հանձնհել դաշնակցությանը, բայց թե ինչու այդքան քիչ մասով, ես դա չեմ հասկանում»,-նկատեց Ազատ Արշակյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ այս համատեքստում հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, որ ՀՀԿ-ն համագործակցության է գնում մեկ այլ ուժի հետ, սակայն դրա արդյունքում իշխանափոխություն չի եղել: Լեռնիկ Ալեքսանյանը կարևորում է այն հանգամանքը, թե այս համագործակցությունից ինչ քաղաքական և տնտեսական փոփոխություններ կլինեն: «Սա շարունակական համագործակցություն է լինելու: Թե Դաշնակցությունը, թե ՀՀԿ-ն կառավարման համակարգի փոփոխության կողմնակիցներ են և համարում են դա այսօրվա ամենահրատապ խնդիրներից մեկը: Բացի դրանից շատ կարևոր է, որ տարբեր ուժեր միավորվելով կարողանան խնդիրներ լուծել նաև արտաքին քաղաքականության մեջ, իսկ այդ առումով Դաշնակցությունը ազդեցություն ունի նաև միջազգային հանրության և հատկապես հայության շրջանակներում»,-ասաց պարոն Ալեքսանյանը: