Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրապետյանը վերահսկո՞ւմ է Քննչական կոմիտեին

Քաղաքականություն
alfred-kzartmyan

Իրացման գոտում հայտնված Պուշկին 4/24 տան բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանն ահազանգում է, որ քննչական կոմիտեում գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփերս» եւ անշարժ գույքը գնահատող «Անի Կոմ» ընկերությունների դեմ հարուցված քրեական գործը կիսամեռ վիճակում է: «Միայն ջունգլիներում, Մադագասկարի կամ էլ Իսլամական պետության ինչ-որ տարածքում կարող է լինել այդպիսի բան: Բացի դրանից մի երկու ամիս առաջ, երբ քննիչին հարցնում էի, ինչո՞ւ է քրեական գործը կիսամեռ վիճակում, խեղճ տղան հասկացրեց, որ չեն թողնում»,- «Ա1+»-ին ասաց Ալֆրեդ Կզարթմյանը: Ըստ հարուցված քրեական գործի՝ ընկերությունները խոշոր չափերի վնաս են պատճառել Ալֆրեդ Կզարթմյանին: Նա պնդում է՝Սամվել Մայրապետյանը փորձում է իրեն «քցել» մոտ 100 մլն չափով: «Անի Կոմ» ընկերությունը 2011 թ-ին նրա ամբողջ անշարժ գույքը գնահատել է մոտ 200 հազար դոլար: Մինչդեռ փորձաքննությունների ազգային բյուրոն Կզարթմյանի միայն 207.2 քմ եռահարկ տունը գնահատել է 300 հազար դոլար` չհաշված հողատարածքի արժեքը: Գործով այժմ նշանակվել է փորձաքննություն: Ալֆրեդ Կզարթմյանը դրա հետ հույսեր չի կապում, ասում է՝ «ԱնիԿոմ» ՍՊԸ-ի աշխատակիցներն այժմ աշխատում են «Փորձաքննությունների ազգային բյուրոյում» եւ նրանք էլ պետք է փորձաքննություն իրականացնեն: «Եթե Մայրապետյանը կարողանում է ամբողջ քննչական կոմիտեն պահել իր հսկողության տակ: Նախագահի վերջին ելույթը, որ կոռուպցիայի դեմ պայքար պետք է լինի, որ իրավական համակարգը պետք է մաքրվի թալանչիներից, արդարությունը վերականգնվի եւ այլն: Ո՞նց կարող ենք հավատալ այդպիսի բաների»,- եզրափակում է ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Ալֆրեդ Կզարթմյանը: