Ինչպե՞ս են սպառողներին խաբում խանութներում (տեսանյութ)
Հոգեբան Սամվել Խուդոյանը սպառողներին առաջարկում է սուպերմարկետներում գնումներ կատարելիս ուշադիր և զգույշ լինել: Նրա խոսքերով՝ կան կարևոր հանգամանքներ, որոնք գնումներ կատարելու ժամանակ սպառողները պետք է հաշվի առնեն՝ մանիպուլյացիաներից խուսափելու համար: « Խանութներում կան արդեն որոշակի ապրանքներ, որոնք կշռված, պատրաստի դրված են լինում: Դրանք վերցնում ես, վերակշռում և տեսնում, որ 5 կամ 10 գրամ պակաս է: Սա արդեն իսկ ակնհայտ խաբեություն է, որը շատ հաճախ է հանդիպում սուպերմարկետներում: Ակնհայտ խաբեություն է նաև այն, որ շատ դեպքերում ժամկետն անց մթերքը կամ կաթնամթերքը դնում են առաջնային , տեսանելի հատվածներում, իսկ ժամկետի մեջ գտնվող ապրանքները՝ ետ»,-շեշտեց հոգեբանը: Ըստ պարոն Խուդոյանի՝ սպառողները պետք է ուշադիր լիինեն նաև դրամարկղի մոտ վճարումներ կատարելու կամ խանութի աշխատակիցների հետ խոսելու ժամանակ, քանի որ շատ հաճախ մանիպուլյացիայի ենթարկվելով, սպառողը պատրաստ է լինում գնել նախատեսվածից ավել ապրանքներ, որոնք շատ դեպքերում կարող են պարզապես հին կամ հետագայում պետքական չլինել: «Աշխատակիցները հոգեբանական խորամանկ միջոցներով մարդկանց թասիբի են գցում ՝ այս կամ այն ապրանքը գնելու համար»,-նկատեց հոգեբանը: Հոգեբանը նաև պատահական չի համարում, որ խաղալիքները շատ ժամանակ դրվում են դարակների ներքևի հատվածներում կամ դրամարկղի մոտ, իսկ դա, միանշանակ, գրավում է երեխաների ուշադրությունը: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր հերթին սպառողներին խաբելու մեկ այլ օրինակ մատնանշեց. «Ընկեներիցս մեկը մարզվելու համար կշռաքար էր գնել: Շատ զարմացա, երբ ընկերս ասաց, որ կշռելուց հետո, տեսել է, որ քաշը պակաս է ,-ասաց նա և հավելեց.-Եթե սպառողը կասկած ունի ինչ-որ ապրանքի քաշի կամ գնի հետ կապված, ապա պետք է այդ գնած ապրանքներով գնալ մեկ ուրիշ խանութ և խնդրել, որպեսզի նորից կշռեն: Մախինացիաներ արձանագրելու դեպքում չպետք է ալարենք , այլ թեկուզ միայն զանգով բարձրաձայնենք խնդրի մասին»: