Ո՞վ է ասում , թե ինքն է միակ քաղբանտարկյալը (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց առկայությունը պայմանավորում է «գողացված նախագահություն» ունենալու հանգամանքով. «Նրանք, ովքեր պետք է լինեն դատարանի առջև, իրենք են մարդկանց նստեցնում։ Քաղաքական բանտարկյալներ ունեցել ենք բոլոր իշխանությունների, նախագահությունների օրոք»։ Ընդդիմադիր գործիչը զավեշտ է որակում հայտարարությունները, թե անկախ Հայաստանում միայն 90-ականներին են քաղբանտարկյալներ եղել. «Դա հայկական տխուր հիվանդություն է և ցավում եմ, որ որևէ մեկը կարող է այդպես մտածել։ Ինչպես կարելի է հայտարարել, որ ես եմ միայն քաղբանտարկյալը»։ Նմանատիպ հայտարարություն էր երեկ արել ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ըստ նրա՝ որևէ իշխանություն չի ընդունում, որ իր կառավարման ժամանակ քաղբանտարկյալներ են եղել, սակայն հնարավոր չէ բացառել նրանց գոյությունը. «Ստալինը, Հիտլերը ևս իրենց քայլերը կատարել են հղում կատարելով օրենքին, բայց երբ որ այդ օրենքը հակաիրավական է, ինքը կյանքում որևէ իմաստ չունի։ Ցավ է, որ նա, ով հիմա ուզում է գալ քաղաքական իշխանություն՝ մոռանում է իր կուսակցության անցյալը»։ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է՝ այսպիսի հայտարարություններ արվում են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից. «Եթե իրենք հիմա Եվրոպային են հղում անում՝ պնդելով, որ նման ցուցակ չկա, նշանակում է, որ իրենք արդեն որդեգրում են այս սուտ և հանցագործ իշխանության արժանիքները։ Նրանք որդեգրում են բոլոր այն որակները, որոնք պետք է բացառվեն պետական ցանկացած գործչի մոտ»։ Մանրամասները՝ տեսանյութում