ՀԾԿՀ նախագահը հաստատում է Ն. Փաշինյանի մտահոգությունները (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ծրագրի ներկայացման ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը պետք է հարց ուղղեր հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին վերջինս արձագանքեց. «Օօօօ...»: Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ գազի գնի սակագնին. «Բացի սովորական սպառողներից, մենք ունենք նաեւ խոշոր սպառողներ, որոնց համար սակագինը հաշվարկվում է դոլարով, եւ նրանք վճարում են 272 դոլարին համարժեք դրամով, սակայն նրանց համար էլ գազի գինը չփոխվեց: Եթե նրանց համար սակագինը իջեցվեր, ապա համապատասխանաբար կփոփոխվեր նաեւ ՋԷԿ-երին սպասարկվող էլեկտրաէներգիայի սակագինը, որը ընդհանուրի մեջ կունենար իր ազդեցությունը»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք հանձնաժողովը որեւէ լծակ չունե՞ր ՀԷՑ-ի այս կորուստները նվազեցնելու համար: Ռոբերտ Նազարյանի պատասխաններից հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Նազարյան, ես ձեզ հարցեր տվեցի, որ պատասխաններ ստանամ, սակայն դուք հաստատեցիք իմ հարցերի մեջ եղած տեղեկատվությունը: Հիմա ասում եք՝ այո, ցավոք սրտի, այդպես է, այո, ցավոք սրտի, այդպես է: Եթե ես ասեի՝ այո, ցավոք սրտի, այդպես է, դա դեռ հասկանալի կլիներ, բայց ձեր գերատեսչության իմաստն այն է, որ բարեբախտաբար այդպես չլինի, բարեբախտաբար այդպես չլինի»: «Ես չէի կասկածում, որ դուք արձագանքելու եք նույն բովանդակության ու ոճի մեջ, եւ ես սպասում էի, որ դուք հենց դա էլ ասելու եք»,- պատասխանեց Ռոբերտ Նազարյանը: