Վարդան Այվազյանը հրաժարվել էր նաիրիտցիներին հանդիպել (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով այսօր մի խումբ նախկին աշխատակիցներ կրկին հավաքվել էին ԱԺ-ի մոտ: Նրանք ցանկանում են պարզել, թե «Նաիրիտ»-ի հարցով ստեղծված ենթահանձնաժողովը ինչ աշխատանքներ է իրականացրել: Նաիրիտցիները հիշեցնում են, որ ներկայացրել են մի ծրագիր, ըստ որի՝ հնարավոր կլինի երբեմնի հզոր գործարանը վերագործարկել 60 մլն դոլարով: «Ուզում ենք իմանալ՝ ինչ ընթացքի մեջ է ներկայացված ծրագիրը, արդեն 1 ամիս է ներկայացրել ենք ծրագիրը ԱԺ»,- ասաց նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը: Նաիրիտցիները նշում են, որ առայժմ ստեղծված ենթահանձնաժողովի աշխատանքը չեն տեսնում: Իսկ Կարինե Շահվերդյանը հիշում է՝ մինչեւ ծրագիրը ներկայացնելը «Նաիրիտ»-ի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չի իջել իրենց հետ հանդիպման՝ ասելով, որ ծրագիր չի ներկայացվել՝ աշխատելու համար: «Սա այն հիմնարկն է եւ իրենք իրենցից ներկայացնում են այն ուժը, որ կարող էին պահանջել, ինչ է նշանակում՝ խռովել, չիջնել, ես չեմ իջնի»: Գործարանի արդեն նախկին աշխատակիցները համոզված են՝ քիմիական երբեմնի հսկա գործարանը պետք է աշխատի: «Չեմ կարծում, որ դա այն հարցն է, որ կարելի է կանգնեցնել եւ լռության մատնել, միեւնույնն է՝ այդ գործը պետք է շարունակվի»,- եզրափակեց Կարինե Շահվերդյանը: