Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարիի հարցից մինչև «Բլեֆ»՝ ԱԺ նիստում (տեսանյութ)

Քաղաքականություն
aj3

ԱԺ-ն այսօր քվեարկեց ու ընդունեց «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մինչ այդ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ սա բլեֆի կարգի նախագիծ է. «Լիցենզիա եք մտցնում առեւտրի մեջ: Ու, ի դեպ, այդպես էլ մեզ չներկայացվեց ԵՏՄ պայմանագրի համապատասխան հատվածը»: «Խնդրում եմ՝ չպիտակավորել, նման բան չկա: Երեկ, երբ դուք լքել էիք դահլիճը, ես ընթերցեցի այն կետը, որ վկայում էր համապատասխան աղբյուրի մասին»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր կողմից նշեց, որ, ցավոք սրտի, այս նախագիծը բխում է ԵՏՄ պայմանագրից. «Սակայն ուզում եմ հիշեցնել, որ ԵՏՄ պատճառով շատ օրենքներ ենք ընդունելու, որոնք չեն բխելու մեր ինքնիշխանությունից»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ այսօր  զորավար Անդրանիկի ծննդյան օրն է. «Ցանկալի կլիներ, որ Եռաբլուր այցելեինք, ծաղիկներ դնեինք նրա շիրիմին ու հիշեինք նրա պատգամները»: Դահլիճը նրան արձագանքեց ծափերով: Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր անհանգստությունը հայտնեց ՔԿՀ-ում գտնվող ակտիվիստ Վարդգես Գասպարիի առողջության վերաբերյալ. «Մի կողմ թողնենք քաղաքական ու իրավական ձեւակերպումները, հիմա խոսքը մարդու մասին է: Ես հիմա նախաձեռնել եմ ստորագրահավաք՝ դիմելու Վերաքննիչ դատարան՝ որպես նրա կալանքի դեմ ուղղված բողոք, որպեսզի փոփոխվի նրա կալանքի վերաբերյալ միջնորդությունը»: «Արդարադատության նախարարը հայտարարեց, որ ինքը տեղյակ է, Վարդգես Գասպարին առողջական խնդիրներ չունի: Մենք ցանկանում ենք առողջություն: Եթե նման անհանգստություն կա, միանանք»,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանը: «Ժառանգություն» խմբակցության անդամ  Թեւան Պողոսյանը եւս խոսեց Վարդգես Գասպարի մասին՝ ասելով, որ իրեն են դիմել Գասպարիի իրավաբանները՝ երաշխավորագիր պատրաստելու համար. «Մի շարք պատգամավորները միացել են, կոչ եմ անում բոլորին միանալ ու սկսված ստորագրահավաքը միավորել»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադարձավ Հրանտ Բագրատյանի խոսքերին. «Ինչ վերաբերում է բլեֆին, ապա երեւի երեկոյան այդ ֆիլմն եք նայել: Նայեք բոլոր կանոնակարգերը: Դուք տեսել եք այդ պայմանագիրը: Մենք առեւտրի ու ծառայությունների մասին օրենքում համապատասխան փոփոխություն ենք կատարել: Օրենսդրության չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում»: Հրանտ Բագրատյանը սկսեց ընդվզել տեղից: