Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց նամակ Գեւորգ Կուտոյանին

Քաղաքականություն
shant-voskerichyan

«Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը բաց նամակ է հղել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գևորգ Կուտոյանին: Ստորև ներկայացնում ենք նրա նամակն ամբողջությամբ: Հարգելի պր. Գեւորգ Կուտոյան Հարգելի պարոն Կուտոյան՝ Ձեր այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխանցում եմ բարեմաղթանքներս  եւ Ձեր ուշադրությանը ներկայացնում  ինձ պարտադրված անօրինական կարգավիճակը: 2015 թվի մայիսի 21-ին, առանց որևէ հիմնավորման, Երևանի Զվարթնոց օդանավակայանում իմ մուտքն հայրենիք արգելվեց: Ավելի քան 12 ժամ օդանավակայանում ինձ <բանտարկելուց> հետո, կամքիս հակառակ  Հ.Հ. Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցներն ինձ նույն ինքնաթիռով վերադարձրին Փարիզ: Զվարթնոցի տանջալից ժամերի ընթացքում անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որը տրվեց Զվարթնոցում, անհարիր էր 21-րդ դարի ժողովրդավարության բոլոր նորմերին: <<Վերևից հրաման կա, Ձեր մուտքը Հայաստան արգելված է>> հայտարարեց անվտանգության աշխատակիցը և ինձ ուղեկցեց վերադարձի օդանավ: Ինձ համար մինչեւ օրս հասկանալի չէ իմ մուտքը Հայաստանի հանրապետություն ինչու արգելվեց  եւ ինչու մինջեւ հիմա չկա որեւէ հիմնավորում: Ես բազմիցս դիմել եմ ՀՀ  ԱԱ Ծառայությանը  պահանջելով, կամ հիմնավորել մուտքի արգելքը, կամ չեղարկել այդ անօրինական որոշումը, բայց ապարդյուն՝  բոլոր հարցումները մնացել են անպատասխան: Սփյուռքի տարբեր գաղթօջախներ տեղեկանալով՝ խիստ դատապարտում են նման անօրինական վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ եւ փոխում իրենց կարծիքը  Հայաստանի ներկա իշխանության եւ հատկապես ԱԱԾ-ի նկատմամբ՝ համարելով այն իշխանական լծակ իրենց ոչ համակիր մարդկանց ճնշելու համար: Եթե դա  այդպես չէ, ապացուցեք, բացեք իմ ճանապարհը հայրենիք: Ես դիմում եմ Ձեզ հույս ունենալով  որ որպես ԱԱԾ-ի նոր պետ, որ Դուք կպատասխանեք եւ կապացուցեք որ Հայաստանում դեռ կա արդարադատություն եւ ես կկարողանամ ազատ այցելել իմ շատ սիրելի հայրենիք: Շանթ Ոսկերիչյան Ֆրանսիա,Փարիզ 23/02/2016