Փակվել է «Cosmopolitan Հայաստան» ամսագիրը
Հայաստանում Cosmopolitan միջազգային ամսագիրը դադարեցրել է իր գործունեությունը: Նախորդ տարվա դեկտեմբերին թողարկվել է ամսագրի վերջին համարը: «Ա1+»-ի հետ զրույցում «Cosmopolitan Հայաստան»-ի խմբագիր Հրաչուհի Ութմազյանը նշեց այն խնդիրները, որոնց պատճառով շուրջ հինգ տարի տպագրվող ամսագիրը փակվեց. «Պատճառը երկրի շուկան է, որովհետեւ ամսագիրը չի կարող գոյատեւել նման շուկայի պայմաններում: Շուկայում մեծ կորուստ ունենք, տեսնում եք, խանութները փակվում են, ոչ մի խանութ չի ցանկանում գումար տրամադրել սեփական գովազդի համար, իսկ ամսագրի գումարները գովազդից են գալիս»,-նշեց Ութմազյանը՝ հավելելով, որ թեեւ հայկական Cosmo-ն ունեցել է մեծ լսարան, սակայն միայն ամսագրի վաճառքից ստացված գումարով հնարավոր չէր պահել այն. «Վաճառքի գումարով որեւէ ամսագիր իրեն պահել չի կարող, հատկապես Cosmopolitan-ը, որը տեղական որեւէ ամսագրի մեկ ամսվա բյուջեի հետ չի կարող անգամ համեմատվել: Չեմ կարող ասել, որ մեր ամսագիրը չուներ պահանջարկ: Մինչեւ այս պահն էլ վաճառքի առումով Cosmopolitan-ը թիվ մեկն է եղել միշտ: «Cosmo շոփինգ նայթ»-երն էլ էին վառ ապացույց, որ մենք ունեցել ենք ընթերցող, որովհետեւ մենք միայն մեր պլատֆորմով ենք արել գովազդը: Հենց դա էլ ցավալի էր»,-ասաց նա: Հրաչուհի Ութմազյանի համար Cosmopolitan-ն արդեն անցյալում է, իսկ այս պահին նա հանգստանում է, որովհետեւ ամսագրի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է եղել. «Իմ լավ աղջիկն էր Cosmo-ն: Հինգ տարի, կարծում եմ, որ շատ լավ կատարել ենք մեր աշխատանքը: Տա Աստված, որ մեր շուկան այնքան լավանա, որ Cosmo-ն նորից վերադառնա»,-հավելեց նա: Ի դեպ, վերջերս Cosmopolitan-ը դադարել է տպագրվել նաեւ Ադրբեջանում, Սինգապուրում եւ Էստոնիայում: Cosmopolitan ամսագիրն առաջին անգամ լույս է տեսել 1886 թվականին՝ ԱՄՆ-ում: Ներկայումս այն հրատարակվում է շուրջ 35 լեզվով: