Լեւոն Արոնյանը չի օգնել իր թիմին
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները իրենց թիմերի կազմում մասնակցել են Գերմանիայի ակումբային առաջնության հերթական տուրեր հանդիպումներին: Լեւոն Արոնյանը 9-րդ տուրի խաղում սեւերով պարտվել է հունգարացի Ռիչարդ Ռապորտին: Չնայած անհաջողությանը, նրա թիմը՝ «Բադեն Բադենը», ոչ-ոքի է խաղացել մրցաշարի մյուս առաջատար «Սոլինգենի» հետ՝ 4:4: Դրանից առաջ կայացած 8-րդ տուրում «Բադեն Բադենում» հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով պարտության էր մատնել ռումինացի Անդրեյ-Նեստոր Չիոարային եւ էլ ավելի տպավորիչ դարձրել իր թիմի հաղթանակը «Տրիր-1877»-ի նկատմամբ՝ 5,5:2,5: «Բեռլին-1903» թիմում առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Հրանտ Մելքոնյանն ոչ-ոքի է ավարտել իր երկու պարտիաները՝ համապատասխանաբար նորվեգացի Արյան Տարիի եւ չեխացի Դավիդ Նավարայի հետ: Նրա թիմը տարել է մեկ հաղթանակ, իսկ մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Կայացած 9 տուրից հետո Լեւոն Արոնյանի եւ Սերգեյ Մովսիսյանի թիմը 17 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Բեռլին-1903»-ը գտնվում է 11-րդ հորիզոնականում: Բունդեսլիգայի հաջորդ երկու տուրերի պարտիաները կկայանան մարտի 12-ին եւ 13-ին: Լեւոն Արոնյանը բաց կթողնի այդ խաղերը, քանի որ այդ ժամանակ նա հանդես է գալու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որը մեկնարկելու է մարտի 10-ին, Մոսկվայում: