Թատրոնին 5 միլիոն դոլար է պետք (տեսանյութ)
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը դեմ չէ, որ թատրոնին գործունեություն ծավալելու համար այլ շենք տրամադրեն, այլ ոչ թե նորը կառուցեն Մաշտոցի պողոտայում: «Ինչո՞ւ, որովհետեւ այսօր այդքան էլ հեշտ չէ մի քանի միլիոն դոլար գտնել, զրոյից շենք կառուցելու համար»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Վարդան Մկրտչյանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ կարող է միայն պատասխանել իր փոխարեն, պաշտոնական պատասխանը լինելու է խորհրդի կողմից: Լուրեր են տարածվել, որ օրակարգից դուրս է եկել Համազգային թատրոնի շենքը կառուցելու հարցը եւ պատրաստի կառույց են տրամադրելու թատրոնին: Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային թատրոնը» ստեղծման օրվանից գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում: Թատրոնի տնօրենը նշում է, որ նորանկախ ՀՀ առաջին մշակութային օջախն է եւ եթե չգտավ իր տանիքը, դա բոլորի խնդիրն է լինելու: Վարդան Մկրտչյանը, սակայն, սպասողական դրության մեջ է, հույս ունի, որ հարցը լուծվելու է: Թատրոնին շենք կառուցելու համար քաղաքի կենտրոնում տարածք էր տրամադրվել, կա նաև նախագիծ, իսկ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը դրամահավաք է սկսել՝ հավաքվելով 15 հազար դոլար: Նորակառույց թատրոն ունենալու համար, ըստ հաշվարկների, անհրաժեշտ է 5 մլն դոլար: