Ովքեր ճիշտ PR անցկացրին նախորդ ընտրություններում (տեսանյութ)
Հայաստանում PR-ը ծիծաղելի վիճակում է. hամոզված է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքերով՝ ոմանց մինչ օրս թվում է, որ Հայաստանում սպիտակ PR-ը գովեստն է, իսկ սեւ PR-ը՝ իրար վրա ցեխ շպրտելը: «Տապոռ վիճակի մեջ են, դրանից այս կամ այն կողմ իրենք PR չեն հասկանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգը: Ըստ Կարեն Քոչարյանի՝ մեզանում ցանկացած բան, այդ թվում` PR-ը շատ ծայրահեղացված են: Քաղտեխնոլոգն այսօր անդրադարձավ նաեւ 2008 եւ 2013 թթ. քարոզարշավներին՝ նշելով, որ թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ PR անցկացրին: ՀՀՇ-ն շատ լավ PR արեց, երբ սկսեց CD եւ DVD-ների վրա տուն- տուն բաժանել ելույթները, դուռ առ դուռ ամբողջ հանրապետությունով մեկ, Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքսեղմելն էլ աշխատեց, նա հավաքեց բավականին լուրջ իմիջ, անկախ իրենից, իմիջիայլոց, բայց մի աղոթելով ամբողջ իմիջը հասցրեց գետնին, միանգամից, մի վայրկյանում»,- ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ավելացնում է, որ PR վիճակը «տնական» մակարդակի է: Նրա խոսքերով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները Հայաստանին բավականին ճանաչելի դարձրին, սակայն ամբողջ աշխարհում մեզ ճանաչում են որպես դժբախտ ազգ: Իսկ ճանաչողությունն էլ Շառլ Ազնավուրից եւ Արամ Խաչատրյանից այն կողմ չի անցնում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ ավելացնում է, որ հիմա ավելի շատ ճանաչում են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Նա միաժամանակ հիշեցնում է, որ մեկ ամսում PR «սարքել» հնարավոր չէ: