Ն. Փաշինյանն ու Հ. Նաղդալյանը՝ Մհեր Սեդրակյանի մասին (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս խոսեց մի քանի օր առաջ կալանավորված Վարդգես Գասպարիի մասին ու ասաց, որ դատարանը նրան չի լսել, ու կալանավորումը հեռակա կարգով է եղել. «Այս խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք նախկինում քաղբանտարկյալ են եղել, սակայն լինելով ազատության մեջ՝ որեւէ մեկը երաշխավորված չէ, որ նորից նույն կարգավիճակում չեն լինի: Այսօր երեկոյան լինելու է բողոքի ակցիա ու բոլորին կոչ եմ անում մասնակցել, մանավանդ նախկին քաղբանտարկյալներին, քանի որ այս արատավոր երեւույթը ենթադրում է կրկին արտագաղթ: Հերիք է մեզ խայտառակ անեք ու կործանեք մեր պետությունը»: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւս նկատեց, որ նոր Սահմանադրությամբ ենթադրվում էր ընդդիմության դերի բարձրացում. «Հիմա էս խեղճ ընդդիմությունն ասում է՝ գնացեք, մի բան իմացեք, բա չեք ամաչում, մի մեծ բան չենք ասում»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր խոսքերը ուշադիր չեն լսել. «Մի խեղաթյուրեք ոտի վրա իմ ասածները»: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձավ Վարդգես Գասպարիի կալանավորմանը՝ ասելով, որ դրա հիմքերը, շատ մեղմ ասած, կասկածելի են. «Ես երկու անգամ նրա կալանքից հետո եղել եմ Նուբարաշեն ՔԿՀ-ում, ու ասեմ, որ նա ունի առողջական խնդիրներ՝ ճնշում, շաքարային դիաբետ: Տվյալ դեպքում կալանքի տակ պահելը դառնում է խոշտանգում: Նրա նկատմամբ առավելագույն պատիժ է սահմանված՝ երկուսից երեք ամիս: ՔԿՀ-երում քաղաքացիական ակտիվիստներին չկարողանալով ընկճել՝ դրսի ուժերի միջոցով են փորձում, օգտագործում են կրիմինալ տարրի: Ես խստիվ դատապարտում եմ, ու դա համարում եմ քաղաքական հետապնդման ցայտուն օրինակ: Եւ ի նշան բողոքի Վարդգես Գասպարիի կալանավորման, օրակարգում ներառված բոլոր հարցերին դեմ եմ քվեարկելու»: Պատգամավորն անդրադարձավ նաեւ լրագրողների նկատմամբ որոշ պատգամավորների, մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքին. «Խոսքս վերաբերում է վիրավորանքներին ու պիտակավորումներին, և որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ ու նաեւ որպես երկարամյա լրագրող, մտահոգություն եմ հայտնում ու բոլորի ուշադրությունն եմ հրավիրում, որ ի դեմս լրագրողների՝ մենք գործ ունենք հանրությանը մեզ հետ կապողի կարգավիճակ ունեցող մարդկանց հետ: Կոչս է, որ լրագրողների հետ հարաբերություններում պահպանենք էթիկայի կանոնները: Մհեր Սեդրակյանի միջադեպը ԱԺ-ում անթույլատրելի է, պետք է նման պրակտիկային վերջ տալ: Դա ոչ միայն ազդում է ԱԺ հեղինակության վրա, այլեւ խոչընդոտում է լրագրողական գործունեությունը: Դատապարտում եմ նման երեւույթները»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս հայտարարեց, որ իրենք նույնպես դատապարտում են ու միանում են այդ կոչին. «Ոչ միայն պատգամավորները պետք է պահպանեն էթիկայի կանոնները լրագրողների հետ շփման ժամանակ, այլեւ հակառակը: Իրար հետ շփումներում պետք է պահպանենք էթիկայի կանոնները»: