«70 մարդ բանտերում եք պահել, գոնե մի խոսեք» (տեսանյութ)
ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջությունը լավ է, նա արդեն տանն է, ապաքինվում է եւ մի քանի օրից կվերադառնա աշխատանքի: Օրակարգը ներկայացրեց ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այսօր ԱԺ-ն քննարկելու է ՀՀ օմբուդսմենի հարցը: Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ առաջադրել է Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի թեկնածությունը: Վարման կարգով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ժողովրդավարական երկրներում ԱԺ-ն ունի ՄԻՊ առաքելություն. «Դրա համար դիմում եմ ձեզ, որպեսզի ԱԺ-ն արագ արձագանքի հրատապ մի խնդրի հետ կապված: Քաղաքական հայացքների համար հետապնդումն անընդունելի է: Տարեսկզբին կալանավորվեց Գեւորգ Սաֆարյանը, իսկ մի քանի օր առաջ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Դիմում եմ ԱԺ-ին՝ տեղեկություններ իմանալ այդ կալանավորման մասին»: Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քաղաքական բանտարկյալների առկայությունն անթույլատրելի է ժողովրդավարական երկրներում. «Այո, մեր երկրում տեսել ենք նման բան, սակայն նախորդ դարում: Իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց տեսակետը: Ես ձեր ասածը համարում եմ բազմակարծություն, սակայն մենք իրավունք չունենք միջամտություն այնտեղ, որտեղ կա օրենք: Եթե տեսնենք կա կամայական դրսեւորում, ապա քաղաքական մեծամասնությունն ու ԱԺ-ն կտան իրենց կարծիքը: Ամեն ինչում պետք չէ քաղաքական ենթատեքստ տեսնել ու դուք դատավոր չեք»: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ինքը զարմացած է ԱԺ փոխնախագահի հակազդեցությունից. «Գալուստ Սահակյանը ի տարբերություն ձեզ, աչքի էր ընկնում իր տոլերանտությամբ: Դուք յոթանասուն մարդ բանտերում եք պահել, գոնե դուք չպետք է խոսեք հանդուրժողականությունից: Ես կոնկրետ եմ ասում՝ առանց որեւիցե մեկի մեղադրելու: Ես չեմ ասում միջամտեք, այլ ասում եմ՝ տեղեկություններ ուզեք իրավապահ մարմիններից ու հայտնեք ԱԺ-ին, այստեղ ի՞նչ միջամտության հարց կա»: