«Մենք շատերի նման օֆշորներում հաշիվներ չունենք» (տեսանյութ)
«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարին ելութ ունեցավ նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Օրակարգում չկար, որ տիկին Բիշարյանը պետք է ելույթ ունենար, սակայն սեղանի տակից էնքան ոտքիս խփեց ու հիմա ելույթ կունենա նա»,- փորձեց կատակել արդեն նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հեղինե Բիշարյանը հուզված ելույթ ունեցավ՝ ասելով, որ ՕԵԿ-ը իր համար եղել է հարազատ զավակ, որին փայփայել, մեծացրել են ու այն հարազատ անուն է: Նա կոչ արեց բոլորին համախմբվել նորաստեղծ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության շուրջ. «Արթուր Բաղդասարյանը հմուտ, խոհեմ ու ուժեղ քաղաքական գործիչ է, որին կարելի է հավատալ ու համապմբվել նրա շուրջ:Ես վստահ եմ, որ բոլորդ այսօր ինձ նման եք մտածում, որ վաղն ավելի հզոր է դառնալու «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը ու հասնելու ենք այն նպատակին, որ մեր երեխաները ոչ թե հեռանան, այլ վերադառնան ու իմ թոռնիկներն իմ կողքին ապրեն: Մեր ժողովրդին դարձնելու ենք միաբան, եւ այդ նպատակը չպետք է միայն խոսքեր լինեն, այլ դառնան ապրելակերպ»: Նա անդրադարձավ նաեւ առկա սոցիալական խնդիրներին ասելով. «Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները մեծանան առողջ ու ուսյալ, այլ ոչ թե հիվանդ ու թշվառ: Մեր երկիրն այսօր լի է կավատներով ու թմրամոլներով ու արատից պետք է ազատվենք: Մենք շատերի նման օֆշորներում հաշիվներ չունենք»: