Ա. Բաղդասարյանը կոնսոլիդացիայի կոչ արեց (տեսանյութ)
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր անցկացվող «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ հայտարարեց, որ ելույթը էր գրել, սակայն հիմա նայեց ու չգտավ. «Երեւի դա էլ պատահական չէ»: Իր ելույթում նա անդրադարձավ այն խոսակցություններին, թե ՕԵԿ-ը վերանվանվում է, որպեսզի վերականգնի հեղինակությունը, ինչպես նաեւ՝ «Հայկական վերածնունդ միավորման» մեջ ներառվել են չեղած մարդ կուսակցություններ. «Լավ, եթե ՕԵԿ-ը չունի հեղինակություն, ապա այդ դեպքում ինչպես է ստացվում, որ վերջին քսան տարիների ընթացքում ԱԺ-ում առաջատար քաղաքական ուժերից է, որը նաեւ հանրային գնահատականն է: ՕԵԿ-ն աչքի է ընկել ինքնատիպությամբ ու վճռականությամբ»: Ինչ վերաբերում է ՕԵԿ անվանափոխության մասին լուրերին, ապա Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը սիրում է ՕԵԿ-ը, որին տարիներ շարունակ մեծացրել են՝ որպես իրենց զավակ. «Ոմանց թվում էր, թե հեշտ է հրաժարվել այդ անունից, սակայն չարաչար սխալվում են: Ես շնորհակալ եմ բոլոր այն կուսակցություններին ու կազմակերպություններին, որ քաղաքացիական արիություն ունեցան ու միաձուլվեցին: Հեշտ չէր նրանց համար այդ որոշումը կայացնել, սակայն չձերբազատվելով մեր ամբիցիաներից, մենք պոռթկում անելու քաջություն չենք ունենա: Ի դեպ, վերջին շրջանում մեզ միացել է եւս տասը կազմակերպություն»: Նա անդրադարձավ նաեւ քաղաքական ուժերի նկրտումենրին. «Որո՞նք են որոշ ուժերի բուն նպատակը՝ մտնել կրկին ԱԺ: Սակայն հինգ հոգով, մի քանի մանդատով ի՞նչ կարող ես փոխել երկրում: Միայն լայն համախմբումը կարող է բեկում մտցնել: Մենք կողմ ենք քաղաքական մրցակցությանյը, այլ ոչ ատելությանը, խաղաղությանը, այլ ոչ պատերազմին: Այս օրերին շատ են խոսում ռեժիմից վաղը չէ մյուս օրը ազատվելու մասին: Այո, Հայաստանին պետք է հեղափոխություն, սակայն դա պետք է անել մեր գաղափարներում, հոգիներում, մենք մեր մեջ պետք է սպանենք այն ստրկացած հատվածին, որ կորցրել է հույսը ու ոչ մի բանի չի հավատում: Քաղաքականությունը խաղ ու պար չէ, այլ պրագմատիզմ է, քայլերը հաշվարկված պետք է լինեն: Մեր առաջիկա քայլերը լինելու են հետեւյալը՝ մենք չենք քաշվելու ու ամաչելու, դիմելու ենք բոլորին՝ կոնսոլիդացիայի համար»: