Լրագրողի դիմումը բավարարվել է. պատգամավորները կարգազանց են
ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր բավարարել է past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը: Լրագրողը դիմումով պահանջում էր քննել ՀՀԿ 5 եւ ԲՀԿ 2 պատգամավորի վարքագիծը, որոնք ԱԺ քվեարկությունների ժամանակ բացակա գործընկերների փոխարեն եւս քվեարկել են: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նիստից հետո նշեց, որ միաձայն այն կարծիքին են հանգել, որ դիմումում նշված պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգը եւ նրանց վարքը գնահատվել է որպես էթիկայի կանոնների խախտում: «Ավելին, որոշման երկրորդ կետով ԱԺ նախագահին առաջարկել ենք, քանի որ շրջանառության մեջ է գտնվում մեր գործընկերների նախագիծն այն մասին, որ նման դեպքերի խախտումները պետք է որակել որպես կարգազանցություն, առաջիկա քառօրյայում քննարկվող հարցերի ցանկում պարտադիր ընդգրկել նաև այդ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Մենք գտնում ենք, որ նման դեպքերի համար պետք է կիրառել, թեեւ դա ԱԺ նախագահի իրավունքն է, բայց ճիշտ կլինի, որ նման դեպքերում ամենախիստ պատժամիջոց»: «Ա1+»-ի հետ զրույցում լրագրող Լիլիթ Լալայանն ասաց, որ ինքը, որպես դիմումատու, ցանկանում էր ներկա լինել նիստին եւ այդ մասին նախորդ նիստից հետո նրան խոստացել էր նաեւ Խոսրով Հարությունյանը: «Այսօր նիստի սկզբին ես այդ մասին հիշեցրի Խոսրով Հարությունյան, սակայն նա ասաց, որ մենք քեզ մտադիր էլ չենք կանչելու, քանի որ քո ներկայացրած տեսանյութերից արդեն իսկ անկհայտ է, որ կա ԱԺ կանոնակարգի խախտում եւ լրացուցիչ պարզաբանման կարիք չկա»,- տեղեկացրեց Լիլիթ Լալայանը: Լրագրողը դրական է համարում, որ իր դիմումը բավարարվել է, սակայն, բացի այդ, կարեւոր է, որ եղան նաեւ առաջարկություններ՝ խիստ պատժամիջոցներ կիրառել առումով: «Ես դեռ վստահ չեմ, որ այդ առաջարկը կընդունվի ու կմտնի ԱԺ օրակարգ. դա պարզ կդառնա փետրվարի 22-ին: Եթե այդ առաջարկը չըդնունվի, ապա ես պատրաստվում եմ հավելյալ նամակ գրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որ օրենքի ուժով պատժամիջոցներ կիրառվեն կարգազան պատգամավորների նկատմամբ: Եթե այդ նամակս էլ մեժվի, ապա իրավաբանների հետ խորհդրակցելուց հետո դիմելու եմ դատարան, ու դա կլինի նախադեպ: Իրականում, միմյանց փոխարեն քվեարկելը հանցագործություն է. այդպիսով ընդունված օրենքները դառնում են անօրինական, եւ, հետեւաբար, դրանք նաեւ պետք է ուժ կորցրած ճանչավեն»,-իր խոսքը եզրափակեց լրագրող Լիլիթ Լալայանը: