Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկանոն ուղեւորափոխադրողը տուրք կվճարի

Տնտեսություն
tntesakan

Միջազգային կանոնավոր ուղեւորափոխադրումները մրցակցությունից դուրս են մնացել՝ ոլորտի ծայրահեղ ազատականացման պատճառով. դժգոհում է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը. իրավիճակը շտկելու համար որոշվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթով սահմանափակել, կանոնակարգել անկանոն ուղեւորափոխադրումը: «Հնարավոր չէ մրցակցել մարդկանց հետ, որոնք որեւէ պարտավորություններ չեն ստանձնում՝ տեղափոխում են մարդկանց, որոնց շահերը պաշտպանված չեն, անվտանգությունը ապահովված չէ, բնականաբար նաեւ՝ որակը»,- նկատեց Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախարարը երկու պայման ներկայացրեց. «Պետք է պետտուրք վճարեն եւ ունենան պայմանագիր՝ տոմսերը վաճառեն ավտոկայանային տնտեսության միջոցով, ունենան պայմանագիր, որը բացառապես միտված է մեր քաղաքացիների, սպառողների անվտանգությանը: Մի սահմանափակում է մտնում՝ ում տարար, պետք է նույն ցուցակով, ոչ ավելի, քան տատանումը 10 տոկոս, հետ բերես, կամ տարար, դատարկ հետ եկար, կամ դատարկ գնաս եւ լիքը վերադառնաս»: Փոխնախարարը թվարկում է անկանոն ուղեւորափոխադրման բացասական կողմերը՝ քաոտիկ ուղեւորափոխադրում՝ երբ ուզի, կշարժվի, երբ ուզի՝ չի շարժվի, վարորդների եւ տրանսպորտային միջոցի նկատմամբ հսկողության, նաեւ՝ չվացուցակի բացակայություն: Նա համեմատական մի օրինակ ներկայացրեց. «Յակ-2» է, կարծեմ, կուկուռուզնիկը կոչվում, ասենք՝ նա որեւէ դաշտից ձեզ տոմս վաճառի, ասենք՝ տեղափոխի Թբիլիսի, հետո փչանա, որեւէ տեղ ընթացքում իջնի, ու ձեզ ասի՝ սա ձեր բեռը, ոտով գնա Թբիլիսի»: Տուրքի սահմանելով, ըստ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի, դաշտում հետզհետե կառաջանա մենաշնորհ. «Ոնց որ ասի՝ արի, մի քիչ չնպաստեմ, բան չի փոխվելու իրականում, մնացածը նույնն է մնալու, բայց մի 50 հազար ինձ փող կտաք»: «Երբեք չենք խոսում դաշտի մոնոպոլացման մասին, այլ խոսքը գնում է՝ քաղաքակիրթ ձեւով տրանսպորտային ուղեւորափոխադրումը իրականացնելու համար»,- վստահեցրեց Արթուր Առաքելյանը: Հանձնաժողովը որոշեց օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներառել ԱԺ մեծ օրակարգ, իսկ հավելյալ քննարկումներից հետո նաեւ՝ քառօրյա: