ՓՄՁ-ներին խանգարում է կոռուպցիան. հետազոտություն (տեսանյութ)
Հայաստանի գործատուների միության կողմից ուսումնասիրված 300 ձեռնարկությունների 51.4%-ն իր վրա զգում է կոռուպցիայի բացասական հետևանքները, 41.7%-ը համարում է, որ կառավարություն չի ապահովում իր գործունեության օրենսդրական շրջանակները, իսկ 60%-ն էլ տեղյակ չէ, որ Հայաստանում կա անկախ հակակոռուպցիոն հսկողություն։ «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» խորագրով կոնֆերանսին տնտեսագետ Հրանտ Բագրատյանը նշում է. «Մենք չունենք 3.1% տնտեսական ակտիվության մակարդակ, ինչպես հայտարարում են։ Այդ գրածները ընդամենը թվեր են»։ Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամենամեծ խոչընդոտը կոռուպցիան է, որը հաճախ հենց իշխանությունների կողմից է հովանավորվում։ Տնտեսագետը հիշում է՝ անցյալ տարի Հայաստան ներկրվող որոշ մեքենաների համար կառավարությունը բարձր մաքսատուրք էր գանձում, որի իրավունքը, սակայն, չուներ։ «Երբ նրանց ասվեց, որ իրենք իրավունք չունեին նման բան անել, պատասխանեցին, որ բյուջեն գումար լցնելու խնդիր են լուծում։ Մինչդեռ, մենք հաճախ կոռուպցիան այլ կերպ ենք ընկալում»։ Ըստ նրա՝ տնտեսությունում բարձր ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է արդյունավետ գործողություններ ձեռնարկել, լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ առաջին հերթին արմատախիլ անելով կոռուպցիան։