Տեղ կհասնի՞ Սերժ Սարգսյանի ելույթը (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի ելույթից ընդամենը մեկ ամիս հետո պարզ կլինի՝ արդյո՞ք իմաստային առումով ընկալվեց ելույթը, թե այն պարզապես գեղեցիկ ելույթ էր՝ հանրությանը շեղելու համար: Այս մասին կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը ու հավելեց, որ Սերժ Սարգսյանի ելույթը մյուս քաղաքական ուժերը պետք է ոչ թե քննարկեն, այլ օգտագործեն՝ որպես զենք. «Ելույթը նման է մի զենքի, որը ես էլ կվերցնեմ իմ ձեռքը եւ բոլոր առիթներով՝ քննարկումների, հանդիպումների ժամանակ կհիշեցնեմ ՀՀԿ-ականներին՝ ասելով, թե իրենք արդյո՞ք չեն հարգում իրենց կուսակցության ղեկավարի խոսքը»: Թեւան Պողոսյանի համար նորություն էր ելույթի այն հատվածը, որտեղ ասվում էր, թե պետք է գիտակցություն ձեւավորել, որ հայրենիքը սիրում են ոչ միայն հանրապետականները, այլեւ մյուս քաղաքական ուժերը եւ որտեղ որ հանրապետականը չի կարողանում աշխատել, պետք է մյուսները աշխատեն. «Այս դեպքում, ուրեմն, այլեւս չպիտի ասեն, որ կոալիցիա կմտնենք, նոր կստանանք պաշտոն»: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր բոլորին, իսկ ելույթի հետեւանքներն ու արդյունքները, ըստ նրա, չեն ուշանա. «Իմ համար տարօրինակ էր ելույթի օրվա ընտրությունը՝ փետրվարի 12. անցած տարի այս օրվա ելույթը շատ արագ արդյունքներ տվեց: Կարծում եմ՝ ինչպես անցած տարի, ելույթից հետո, բոլորն անցան գործի ու արդյունք տվեցին, այս անգամ էլ՝ բոլորը կանցնեն կոնկրետ գործի ու ամեն ինչ կանեն, որ կետառկետ այդ փոփոխությունները լինեն»: Գառնիկ Իսագուլյանը նկատի ուներ անցյալ տարվա ելույթը՝ Գագիկ Ծառուկյանի մասին։ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ Սերժ Սարգսյանի ելույթը ցույց տվեց, որ նա միայն հանրապետականներին չէ տալիս իր նախապատվությունը. «Կոալիցիայի ստեղծումն էլ պատահականություն չէր, իմ կարծիքով հետագայում էլ համագործակցություններ կլինեն»: Պարոն Իսագուլյանը առաջարկեց նաեւ մոնիթորինգ անել եւ հետեւել ու հասկանալ թե ինչպիսի ազդեցություն ունեցավ ելույթը. « Պետք է տեսնենք, թե որ նախարարությունը, ինչ է արել այդ ելույթից հետո: Հասկանանք՝ տեղ հասե՞լ է ասածը, թե՝ ոչ: ՀՅԴ-ին էլ պետք է հետեւենք, տեսնենք, ինչ կփոխվի, որ Աշոտյանին փոխարինի Մկրտչյանը: Կամ մարզպետի փոփոխությամբ ինչ կփոխվի մարզում»: