«Դաշնակցությունն այդքան չկա» (տեսանյութ)
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը մեսիջ էր՝ ուղղված նախկին գործընկերներին: «Դաշնակցության հետ համագործակցության հարցում նախագահը «ոտքը կախ գցեց», իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-ասաց նա: Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը միանա ընդդիմադիր ուժերին, եթե նրան այդպիսի առաջարկ լինի, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Մենք ընդդիմադիր ուժեր չունենք, բացառությամբ որոշ դեմքերի՝ Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մնացածը դրդապատճառ են ման գալիս , որ ոտքի կանգնեն: Ես ընդդիմությունից դժգոհ եմ, որովհետև իրենք իրենց ներքին հարցերն են լուծում, ես իշխանությունից էլ եմ դժգոհ, որովհետև անարդար է, իսկ դա պետք է պատճառ հանդիսանա ոտքի կանգնելու համար: Ընդդիմադիր ուժ ես ներկա դրությամբ համարում եմ միայն Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին և ոչ թե այն ուժերին, որոնք մեկ հանդիպում են նախագահի հետ, մեկ չեն հանդիպում, մեկ խորհրդակցում են, մեկ էլ ոչ: Իսկ ինձ դուք իշխանության ճամբարում երբևէ չեք տեսնի»: «Ա1+»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նա կրկին վերադառնա քաղաքական դաշտ, Տիգրան Կարապետյանը ի պատասխան ասաց. «Ես քաղաքական դաշտից չեմ հեռացել, որ վերադառնամ: Ես ուղղակի ռեալ պատկեր, ռեալ մոտիվացիա չեմ տեսնում, որ այսօր ակտիվանամ: Կգա ժամանակը, ակտիվացում էլ կլինի»: Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոլաիցիային՝ պարոն Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Դաշնակցությունը միշտ էլ ընտրություններից առաջ ուզում է մարզպետներ ձեռք բերել. «Եթե 3-4 նախարարություն էլ ձեռք բերի, դա պետական ռեսուրս է : Դաշնակցությունն իրեն տեսնում է որպես երկրորդ ուժ, բայց նրանք այդքան չկան»,-եզրափակեց նա: