Հայկական թեյախմություն՝ չինական ձեւով
Չինական թեյախմությունն իսկական արվեստ է, որին այսօր ծանոթանալու հնարավորություն ունեցան նաեւ երեւանցիները: Մայրաքաղաքում առաջին անգամ կազմակերպված հայ-չինական մշակութային օրերի շրջանակում «Ակումբում» կազմակերպվել էր չինական թեյերի եւ հայկական խոտաբույսերի թրմերի համտեսում:
«Ա1+»-ի հետ զրույցում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը նշեց.
«Այսօրվա միջոցառումը նպատակ ունի զուգահեռներ տանել հայ եւ չինական մշակույթի ասպարեզներում, մասնավորապես՝ թեյերի ավանդույթների միջեւ: Այս ավանդույթը ունի բավականին լավ արարողակարգ, որի նպատակն է հավաքել մարդկանց իրար շուրջ: Բացի սա, մեզ այսօր քիչ հայտնի է այն, որ կա նաեւ հայկական թեյախմության ավանդույթ, որը ոչ պակաս հին է, քան չինականը»:
Միջոցառման ընթացքում պատրաստվեց եւ մատուցվեց չինական երկու տեսակի թեյ՝ սեւ եւ կանաչ: Թեյը չինական ձեւով իսկապես որ տարբերվում է թե’ իր համով եւ թե’ պատրաստման արարողակարգով: Ի դեպ, թեյի մասնագետը խորհուրդ տվեց մեկ րոպեից ավելի չթրմել թեյը, քանի որ այն այլեւս խմելու համար պիտանի չի լինի: Տաք ջրով նախ լվացվում է թեյի սպասքը, բայց ոչ նրա համար, որպեսզի այն մաքրվի, այլ որ բացասական ուժերը վանեն: Երբ սպասքը լվացված է, կարելի է լցնել թեյը, որը պետք է անել որքան հնարավոր է բարձր տարածությունից. դա արվում է նրա համար, որպեսզի թեյը «շփվի» օդի հետ:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. չինական թեյախմությունը, ի տարբերություն հայկականի, անցկացվում է առանց քաղցրավենիքի: Այդ կերպ չինացիները ոչ միայն պահպանում են թեյի բնական համը, այլեւ, կարելի է ասել, մարմնի գեղեցիկ ու առողջ կառուցվածքը:
Հիշեցնենք, որ հայ-չինական մշակութային օրերի կազմակերպչներն են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան, «Սանգուան» առողջարարական կենտրոնը եւ Չինական գիտության եւ մշակույթի կենտրոնը: