Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ս. Սարգսյանի խոսքերը վերցված են Պուտինի ճառից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Larisa

«Կամ փոխվել են ճառ գրողները, կամ այլ խնդիր է՝ մինչև տեխնիկական»,-Սերժ Սարգսյանի ելույթի մասին խոսելիս այսօր նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա շեշտեց, որ նախագահի խոսքը պետք է պատրաստեն վերին աստիճանի պրոֆեսիոնալ մարդիկ: «Խոսքը պետք է լինի հայերենով լավ հնչեցված, ռիթմը պահվի: Իրականում ինձ թվում է՝ շատ բաներ վերցված են վերջերս հնչեցված մեկ այլ ճառից. «Մենք ասում ենք, պիտի ասենք, և մնացածները պիտի շատ անգամ կրկնեն», այս խոսքերն ուղղակի վերցված են այլ երկրի ղեկավարի՝ Պուտինի ճառից»: Մի դրական կողմ ելույթում տիկին Ալավերդյանը նկատել է. «Վերջապես ասվեց, այն միտքը, որ անկախ Ղարաբաղի խնդրից՝ երկիրը կարող է զարգանալ»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը փորձեց հակադարձել. «Զավեշտն այն է, որ ռուսական կրթություն ունեցող երկու մարդիկ պետք է փորձեն վերլուծել զեկույցի հայեցիությունը: Ես այդ պատասխանատվությունը չեմ կարող ինձ վրա վերցնել, քանի որ լեզվաբան չեմ: Միգուցե և կան լեզվաբանական խութեր, բայց դա speech writer-ների խնդիրն է, բայց կարևորը զեկույցի էությունն է: Այո, մենք ունենալու ենք նոր քաղաքական, իշխանական համակարգ: Բայց երբ շատ են մտածում ընտրությունների մասին, այլ ոչ՝ ընթացիկ պարտականությունների, դրանից երկիրը կարող է տուժել: Ուղերձն ինձ վրա թողեց մեծ տպավորություն: Դրանք ապագային միտված մտորումներ էին»: Տիկին Ալավերդյանի կարծիքով, սակայն, ելույթում միայն գեղեցիկ ցանկություններ են ասված. «Ես չեմ տեսնում այն, թե ի՞նչ է փոխվելու: Այս ելույթը կարծես ուղղված է նրան, որ այսպես էլ մնա, լավ է»: Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններին, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Քանի կար՝ հասարակությունն ինձ ընդունում էր որպես նորմալ ՀԿ գործիչ, հենց նշանակեցին Մարդու իրավունքների պաշտպան, առավոտյան իմացա, որ ես Ղարաբաղի կլանի անդամ եմ: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չէ, որ ինձ առաջարկել է որպես ՄԻՊ, այլ հայաստանցի է առաջարկել՝ Անդրանիկ Մարգարյանը: Ես դեմ եմ, որ նոր պաշտոն ստացող մարդուն սկսեն քննադատել: Թույլ տվեք, որ այդ տղան մտնի իր գործի մեջ»,-նկատի ունենալով Արման Թաթոյանին՝ նշեց նա: