Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը ձևավորվում է համագյուղացիներով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Capture2

Ըստ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի՝ Սերժ Սարգսյանի ելույթը մասամբ էր ուղղված ՀՀ քաղաքացիներին: «Դա իմպերիաներին ուղղված ելույթ էր: Սերժ Սարգսյանը խոսքն ուղղում էր հասարակությանը՝ ասելով, որ կան խնդիրներ, բայց իրենք չեն պատճառը»,-շեշտեց նա: Երկրում, ըստ նրա, 4 D ձևաչափով խնդիրներ են առկա. «Հայաստանից արտագաղթում են, արդյունաբերությունը մեռնում է, սոցիալիզացիայի և սուվերենիզացիայի խնդիրներ կան: Սերժ Սարգսյանին մեկ տարի է մնացել՝ կառավարման համար, և եթե նա սկսի խնդիրները լուծել, մենք պետք է ասենք՝ մնա, որ վերջացնես, եթե չսկսի, պետք է նայենք ժամացույցին, օրացույցին, թե երբ է ժամկետն ավարտվելու»,-ասաց պարոն Արշակյանը: «Այդ D-երը 1991, 92 թվականներին են սկսվել»,-հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա շեշտեց նաև, որ իրենք երբևէ չեն ասում՝ շատ լավ է ամեն ինչ, խնդիրներ չկան, սակայն սահմանադրությունը հնարավորություն կտա այդ խնդիրները լուծել: Պարոն Արշակյանը կարծում է, որ նախևառաջ պետք է մեղավորներին գտնել. «Հարկավոր է պարզել՝ ովքեր են քայքայում տնտեսությունը, նպաստում արտագաղթին: Համագյուղացիներով է ձևավորվում այսօր իշխանությունը: Հայաստանն աղքատանում է, իրենք՝ հարստանում են: Ցուցակը կա, իրենց մոտ է, իրենք գիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, դեկլարացիաներ են իրենց տալիս, կանչեք, պատժեք այդ մարդկանց»,-հորդորեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը: «Այո, կա նաև անձերի խնդիր: Ելույթում Սերժ Սարգսյանը կոչ արեց, որ բոլորս պետք է բարձրաձայնենք խնդիրների մասին և լուծում տանք դրանց»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: «Քրեական աշխարհ կա, հիմա ասում են՝ եկեք, միանանք, ի՞նչ է՝ իրե՞նց միանանք: Բերել, հասցրել եք 1 մլն աղքատության, հիմա ասում եք՝ եկեք գրկախառնվենք: Ես չեմ ուզում գրկախառնվել այդ մարդկանց հետ, չի լինելու կոնսոլիդացիա»,-վրդովվեց պարոն Արշակյանը: Իսկ պարոն Ավետիսյանը կոչ արեց. «Եկեք այնպես չնայենք այդ ելույթին, կարծես ծնողական ժողով էր: Դա ելույթ էր՝ հանրաքվեից հետո: Եթե ունենք չինովնիկներ, որ չեն կարողանալու խնդիրները լուծել, պետք է ազատվենք նրանցից»: