ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը (տեսանյութ)
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց օմբուդսմենի թեկնածուների քննարկումը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով, միգուցե թյուրընկալումների պատճառով չկարողացանք հանդես գալ միասնական թեկնածուով, քանի որ հանձնաժողովում ԲՀԿ մեր միակ անդամ Տիգրան Ուրիխանյանը ներկայացրեց իր թեկնածուին: Որպես խմբակցության ղեկավար՝ ուզում եմ հայտարարել, որ ԲՀԿ-ն չի ներկայացնում ու չի պաշտպանում Նարեկ Ալոյանի թեկնածությունը, ավելին՝ հանձնաժողովում ԲՀԿ-ն կունենա եւս մեկ լրացուցիչ պատգամավոր, որը բացառապես կներկայացնի ԲՀԿ շահերը: Քվեարկելուց առաջ խնդրում եմ նկատի ունենալ, որ ԲՀԿ-ն թեկնածու չունի»: Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ անկախ նրանից՝ ով կընտրվի օմբուդսմենի թեկնածու, իր առաջադրած թեկնածուն՝ Նարեկ Ալոյանը երկրում կմնա որպես լրացուցիչ օմբուդսմեն: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ինքը բոլորին դեմ է քվեարկելու, միայն կողմ է արտահայտվելու Զարուհի Փոստանջյանի օգտին: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ արտահայտվեց միայն Զարուհի Փոստանջյանին: Մինչ այս պահը քննարկմանը լուռ հետեւող ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցել ոչ առաջադրմանը, ոչ պաշտպանմանը, ոչ էլ ԱԺ լիագումար նիստում՝ քվեարկությանը. «Ես ելույթ չէի ունենա, եթե չբարձրացվեր մարտի մեկի հարցը: Ես այսօր ոչ մեկի՝ ոչ օգտին, ոչ դեմ չեմ քվեարկելու: Արման Թաթոյանը բացասական առումով այն բացառիկներից է, որ առնչություն չի ունեցել մարտի մեկի հետ, այլ եղել է մեկ այլ փոխնախարար, որ Եվրադատարանում հանդես է եկել: Անունն էլ չեմ ուզում տալ»: «Ես կտամ նրա անունը, պարոն Ջհանգիրյան»,- բացականչեց Զարուհի Փոստանջյանը: «Տիկին Փոստանջյան, դուք, որպես օմբուդսմենի թեկնածու, պետք է հարգեք յուրաքանչյուրի՝ կարծիք արատահայտելու ազատ իրավունքը: Մենք որեւէ գործարքի չենք մասնակցելու, դրա հիմքերը հետո մենք կհայտնենք»,- շարունակեց Գագիկ Ջհանգիրյանը: