Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրիխանյանը տարակուսել է Փոստանջյանի պահվածքից (տեսանյութ)

Քաղաքականություն
8q2vRmzk2mc

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ որպես օմբուդսմենի թեկնածու,  իր ելույթում հայտարարեց, որ իր համար կարեւորն այն է, որ օմբուդսմենը գնում է ամեն մի գործի հետեւից ու արդյունքում լուծում է ունենում նաեւ. «Ես կարծում եմ, որ կարող  եմ իրականացնել իրավապաշտպան գործունեություն. օմբուդսմենը ոչ կիսապաշտպան է, ոչ էլ սահմանափակված իրավունքներով անձ: Իմ փաստաբանական գործունեության ընթացքում, երբ պաշտպանում էի քաղաքացիների իրավունքները, ես քրեական հետապնդման եմ նաեւ ենթարկվել»: Նրան հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը. «Ես ձեզ հարգում եմ, պաշտպանելու եմ ձեր թեկնածությունը, բայց ես ինքս տարակուսած եմ, որ դուք հարկ չհամարեցիք արձագանքելու իմ բազմաթիվ կոչերին՝ խորհրդակցել այլ ուժերի հետ: Դուք ամբիցիոզ գործունեություն ցուցաբերեցիք ու  հաշվի չնստեցիք այլ քաղաքական ուժերի հետ: Ինչի՞ վայել չեք համարում խորհրդակցել մյուս ուժերի հետ: «Ժառանգություն» կուսակցությունը ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է  մանավանդ արտախորհրդարանական հարթակներում, իր ստաբիլ գործունեության առումով: Դուք մարդ եք, որի համոզմունքների համար մեծ զանգվածներ են հետեւում, ձեր վերջին ելույթներում անհնազանդության կոչեր էիք անում, հիմա լքո՞ւմ եք ամբիոնը: Ամեն բան անելու եմ, որ անցնի ձեր թեկնածությունը, սակայն այդ հարյուր հազարավոր մարդկանց ի՞նչ եք ասելու: Դուք ընկել եք ծուղակ, որ ցանկանում են չեզոքացնել «Ժառանգությանը» ԱԺ-ում»: Ի պատասխան Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես խորհրդատվությունից երբեք չեմ խուսափում, ինձ մոտ չի ստացվել դա: Ես չգիտեմ՝ ինչպես հայցեմ ձեր ներողամտությունը, միգուցե իրար չենք հասկացել, կամ ձեր ընկալման մեջ չի ստացվել այդ խոսակցությունը: Միգուցե առանձին պետք է գայի ձեզ մոտ, որը չեմ արել: «Ժառանգություն» կուսակցությունը իր ուրույն տեղն ունի ու արժեք է, կուսակցությունը հերթափոխ է պատրաստում այս տարիների ընթացքում, եւ իր կուսակցական  շահը միշտ զիջել է ընդհանուր ժողովրդի շահին, ու իմ առաջադրումը հենց այդ տրամաբանությունից է բխում»: «Ինձ բավարարում են ձեր պատասխանները, սակայն ձեր շարունակական պայքարը իշխանությունների դեմ, ձեր անհանդուրժող վերաբերմունքը իշխանությունների քայլերի դեմ, ինձ միշտ դուր են եկել: Ես ձեր հորդորների ազդեցության տակ եղած անձնավորություն եմ, եւ ես իմ մասնաբաժինն էի ուզում բերել այդ պայքարում»: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Զարուհի Փոստանջյանի ելույթը շատ համապարփակ էր ու լավ ներկայացրեց իր տեսլականը, եւ նաեւ նշեց, որ ԲՀԿ խմբակցության կողմից հայտարարություն է անելու: