«Ամեն ինչ մեկ-երկու օրից պարզ կլինի»
Կառավարության նիստից հետո Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից «Ա1+»-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք առատ ձյունն ու սառնամանիքները ի վերջո չեն հանգեցնի ցրտահարության: Նախարարը վստահեցրեց՝ ասելով՝ գյուղատնտեսության համար բարենպաստ եղանակ է, ցրտահարության ոչ մի վտանգ չկա. «Արարատյան դաշտավայրում, ճիշտ է, ձյունը հալվել է, սակայն ցածր ջերմաստիճան չի գրանցվել մինչեւ այսօր եւ առաջիկայում էլ չի սպասվում ցածր ջերմաստիճանային ռեժիմ»: Այն հարցին՝ արդյո՞ք այս ամառ բերքի պակաս չենք ունենա, պարոն Կարապետյանը ժպիտով նկատեց. «Մինչեւ ամառ այնքան ժամանակ կա, որ ամառվա համար չեն կարող որոշել այսօրվանից՝ ինչ է լինելու»: Արդյոք իշխանության վերադասավորումները, ՀՅԴ հետ կոալիցիան ու պաշտոնանկության հեռանկարը չե՞ն սպառնում նաեւ նրան: Սերգո Կարապետյանը նշեց՝ եթե նման բան լիներ, առաջինը լրագրողները կիմանային. «Ինչի՞ եք շտապում, ամեն ինչ մեկ-երկու օրից պարզ կլինի»: