Հրապարակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները. հայտարարություն
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը գալիք ամիսների ընթացքում պետք է քննարկի և ընդունի նոր Ընտրական oրենսգիրքը, որը էականորեն տարբերվելու է գործող օրենսգրքից: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական ցուցակներում կան հարյուր հազարավոր երկրից բացակայող և մահացած քաղաքացիներ, ինչը այդ անձանց փոխարեն քվեարկելու մեծ ռիսկեր է բացում, ինչպես նաև այն, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ժամանակ արձանագրվեցին կրկնաքվեարկության բազմաթիվ դեպքեր, ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ կարևորում են կրկնաքվեարկությունների դեմ պայքարի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Առավել արդյունավետ մեխանիզմ մենք համարում ենք ընտրողների ստորագրություններով (քվեարկությանը մասնակցած անձանց) ցուցակների հրապարակումը, որի շնորհիվ բավականին դյուրին կլինի բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկության դեպքերի բացահայտումը: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ՝
- Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը չի կարող դիտարկվել, որպես քվեարկության գաղտնիության խախտում, քանի որ գործող (նոր) Սահմանադրության 7-րդ հոդվածով գաղտնի է հենց քվեարկությունը և ոչ քվեարկության մասնակցությունը: Ավելին, Քրեական օրենսգրքի 154-րդ («քվեարկության գաղտնիությունը խախտելը») հոդվածում հստակ ամրագրվում է, որ «քվեարկության գաղտնիություն» եզրույթը վերաբերվում է բացառապես ընտրողի քվեարկության արդյունքին և ոչ այդ քվեարկությանը մասնակցության փաստին և չկա «քվեարկության գաղտնիություն» եզրույթի որևէ այլ մեկնաբանություն:
- Քվեարկության գաղտնիության նպատակը նա է, որ ընտրողը կարողանա արտահայտել իր կամքը և որևէ մեկը չիմանա, թե ինչպես է նա քվեարկել: Սակայն քվեարկության մասնակցության փաստը ընտրողը չի կարող գաղտնի պահել և յուրաքանչուր անձ որոշակի ռեսուրսների առկայության պարագայում կարող է օրինական եղանակներով պարզել կոնկրետ քաղաքացու քվեարկության մասնակցել/չմասնակցելը: Օրինակ, դա կարելի է անել ընտրական տեղամասի ելումուտը վերահսկելով, կամ դա կարող են անել վստահված անձինք՝ ընտրական տեղամասի ներսում (քվեարկության օրը): Ավելին, օրենսդրությամբ որևէ կերպ ամրագրված չէ (և չի էլ կարող ամրագրված լինել) քաղաքացու՝ քվեարկության մասնակցության փաստի գաղտնագրումը և պետությունը չի ապահովում (և չի էլ կարող ապահովել) քաղաքացու՝ գաղտնի կերպով քվեարկության մասնակցությունը:
- Գործող (նոր) Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է, որ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միմիայն հանրային շահով, կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը ոչ միայն չի ոտնահարում հանրային որևէ շահ, այլև բխում է արդար ու հավասար ընտրությունների հանրային շահից, որն ամրագրված է նույն Սահմանադրության 7-րդ հոդվածով: Միաժամանակ, քաղաքացու՝ քվեարկության մասնակցության փաստի հրապարակումը որևէ կերպ չի հանդիսանում հիմնական իրավունք կամ ազատություն, քանի որ ոչ Սահմանադրությունում, ոչ էլ որևէ այլ տեղ գրված չէ, որ քաղաքացին քվեարկությանը գաղտնի մասնակցելու իրավունք ունի: Հետևաբար ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները պետք է լինեն մատչելի:
- Թեև ՀՀ Սահմանադրական դատարանն այդ կապակցությամբ 2012 թվականին արտահայտել է իրավական դիրքորոշում՝ նշելով, որ «քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն», սակայն հավելել է, որ «ընտրական իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված գործընթացների շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը վերաբերող որևէ տեղեկատվության մատչելիությունը չի կարող արգելափակվել»։ Փաստացի, ՍԴ-ն արձանագրել է, որ ցուցակների չհրապարակումը հակասահմանադրական չէ, սակայն չի էլ նշել, որ հրապարակումը կլինի հակասահմանադրական: Այլ կերպ ասած. ՍԴ-ն այդ հարցի լուծումը թողել է Ազգային ժողովին։
- Թեև որոշ առաջատար ժողովրդավարական երկներում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները չեն հրապարակվում, սակայն հարկ է նկատել, որ այդ երկրներում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը մեծ է, ընտրական ցուցակները ուռճացված չեն, իսկ կրկնաքվեարկությունների քանակը շեշտակիորեն պակաս է հայկականից: Ավելին, կան նաև ժողովրդավարական պետություններ, ուր ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակվում են (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա և այլն):