«Վահան Շիրխանյանը զայրացած է»
Դեկտեմբերի 19-ից կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում այսօր ևս մեկ անգամ շեշտեց նրա փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: «Բնականաբար, պարոն Շիրխանյանը չի խուսափում որևէ քննչական գործողությունից, հարցադրումներից: Ինքը ճանաչում է գործով անցնող տերտերին և լրագրողին: Նրանց հետ երեք անգամ է հանդիպել: Ասում է՝ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին»: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Փաստաբանը հիշեցրեց նաև, որ թեև պարոն Շիրխանյանն առողջական խնդիրներ ունի, սակայն դեռևս չեն թույլատրել նրան հետազոտության տանել: «Իրեն անհանգստացնում է տրոմբը, պետք է անհապաղ ռենտգեն հետազոտություն կատարել: Մենք լուրջ հիմնավորում ենք բերում, հարազատները պատրաստ են վճարել բուժման համար անհրաժեշտ գումարը, սակայն դեռ հարցը չի լուծվում»,-ասաց պարոն Տեր-Եսայանը: Այժմ իրենք սպասում են այս հարցով ՔԿՀ որոշմանը: Փաստաբանը երեկ է հանդիպել պարոն Շիրխանյանին. «Նա ոչ թե ընկճված, այլ զայրացած է այս ամբողջ պատմությունից»,-շեշտեց նա: