Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրտում տղայի մի արձան է, ոչ թե Տերյանի». առաջարկ՝ փոխել բանաստեղծի արձանը (տեսանյութ)

Հասարակություն
teryan

Փետրվարի 9-ը բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ Տերյանի ստեղծագործությունները ծայրից ծայր սիմֆոնիա են. «Վահան Տերյանի մասին խոսելիս պետք չէ նրան գովել, դա նույնն է, որ Մոցարտի ռեքվիեմը գովես, բայց դա ինչ գովելու բան է, դա պետք է լսել, իսկ Տերյանի դեպքում՝ կարդալ: Տերյանը պոետ էր Աստծո եւ մարդու միջեւ: Նրան գովելը քիչ է»,-ասաց նա՝ հավելելով, որ լավ կլիներ, որ Վահան Տերյանի մասին ֆիլմ նկարահանվեր՝ առնվազն մի քանի սերիայով: Բացի այդ, բանախոսն ափսոսում է, որ Տերյանի պատկերը չկա դրամի վրա. «Լավ է, որ Իսահակյանը կա, Չարենցը կա, բայց կարծում եմ, որ դրամը մի միջոց է, որի հետ ամեն օր առնչվում են եւ ճիշտ կլիներ, որ դրամի միջոցով առնչվեինք Տերյանի հետ»: Մերուժան Տեր-Գուլանյանին մտահոգում է եւս մեկ հարց՝ ինչու դպրոցում չեն անցնում Տերյանի մի շարք բանաստեղծություններ: Սրան ի պատասխան՝ «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանն ասաց, որ այնքան են անցնում, որքանի հնարավորություն կա: Հրապարակախոսը եւս մեկ պահանջ ունի՝ Վահան Տերյանի արձանը փոխել է պետք. «Վիզը ծուռ, խեղճ ու կրակ արձան է, պետք է փոխել: Դա տրտում տղայի մի արձան է, ոչ թե Տերյանի»: