«Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում». ՀՀԿ-ն՝ ՀԱԿ-ի մասին (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցներին այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՅԴ հետ իրենց հնարավոր կոալիցիայի ստեղծմանը, հայտարարեց՝ իրեն զարմացնում է, որ բոլորին հետաքրքրում է միայն պորտֆելների հարցը. «Մենք ճանապարհ ենք գնում, ու չի բացառվում, որ համագործակցության ձեւաչափը լինի կոալիցիոն: Մենք պահի խնդիր չենք լուծում»: Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը նման է ամուսնության, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում»: Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն խոսքերին, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է, պարոն Բաղդասարյանն արձագանքեց. «Նրա ասածների մեջ լրագրողների կողմից սարքած բավականին շոուներ կային: Վտանգավոր բան չկար, բոլոր պարզաբանումները հետագա հարցազրույցներում տրվել են: Մի անհանգստացեք, գյուղացի Համբոյի տանը կռիվ չէր ընկել»: Այն հարցին, թե ԲՀԿ-ն չի բացառել, որ 2017թ. կլինի խորհրդարանական մեծամասնություն ու այդ մասին խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողին ասել է առանձնազրույցում, Վահրամ Բաղդասարյանը որոշեց կատակել. «Մի ընկեր ունեմ, մի անգամ նրան մոտենում է թոռնիկն ու ասում՝ պապիկ, մի գաղտնիք եմ ուզում իմանալ, որ բոլորին ասեմ: Հիմա ԲՀԿ-ն է. երբ մեծամասնություն կազմեն, այն ժամանակ էլ կտեսնենք: ՀՀԿ-ից հետո ես ամեն ինչ ռեալ եմ համարում»: