«Սա ԲՀԿ-2 է». Շարմազանովը՝ ԲՀԿ-ի հետ չհամագործակցելու մասին (տեսանյութ)
Դաշնակցության հետ Հանրապետականի համագործակցությունը միայն այսօրվա համար չէ: Ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ «Դաշնակցության հետ մեր համագործակցությունը, ենթադրում է, սպասվող, եթե լինի համագործակցությունը, նախ եւ առաջ ենթադրում է ծրագրային գաղափարական հիմք ունեցող նաեւ երկարատեւ համագործակցություն»: Մնում է, որ 2017-ի ընտրությունները յուրաքանչյուրին ցույց տան իր տեղը. «Միգուցե Հանրապետականը դառնա ընդդիմություն, եթե ժողովուրդը մեզ ձայն չտա»: Սակայն ինչու՞ է Հանրապետականը համագործակցում 2012-ին 5 տոկոս հավաքած Դաշնակցության եւ ոչ թե 30 տոկոս հավաքած «Բարգավաճ Հայաստանի» հետ. «Սա այլ ԲՀԿ է, սա ԲՀԿ-2 է, մի կուսակցություն է Գագիկ Ծառուկյանով, մեկ այլ կուսակցություն է առանց Գագիկ Ծառուկյանի»: ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը համաձայն է՝ հիմա 2012 թվականը չէ, բացի դրանից անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո, երբ ԲՀԿ-ից հեռացավ Գագիկ Ծառուկյանը, իրավիճակ է փոխվել. «Խարիզմատիկ լիդեր դու հիմա չունես, ազդեցություն հիմա ունենք, բայց ձեւ անել, որ ոչինչ չի փոխվել, մենք էդ նույն հնարավորությունն ունենք, իհարկե՝ ոչ»: Գուցե հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն այլեւս հետաքրքիր չէ Հանրապետականին։ «Հլը մի հատ հարց ա, թե ով է ում համար հետաքրքրական կամ անհետաքրքրական»,- հակադարձում է Միքայել Մելքումյանը: Միքայել Մելքումյանը գիտի, որ ԲՀԿ-ն այսօր էլ վարկանիշ ունի եւ հաստատ կմտնի 2017-ին ձեւավորվելիք խորհրդարան, ինքը մոտավորապես կարող է ասել, թե Հայաստանում ինչպես են բաշխվում քվեները. «Էն 100 տոկոսից 30-ը փող ա վերցնում, էն մի 30-ը լսում ա գյուղապետին, էն մի 20-ը վարչական ռեսուրսն ա»: Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորը խուսափեց ասել՝ կշահի՞ Դաշնակցությունը Հանրապետականի հետ համագործակցությունից, թե կկորցնի: