Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՆՈԼՈ՞ԳՆ Է

Քաղաքականություն

Պարզվում է՝ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարից դժգոհ է ոչ միայն ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, այլեւ ՕԵԿ-ի կոալիցիոն գործընկերները: «Հասարակությունն էլ տեսնում է, որ այդ հաղորդաշարը միակողմանի բնույթ է կրում. մոնոլոգի է վերածված»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով` ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա կոնկրետ օրինակ է բերում. «Մասնավորապես` էներգետիկ անվտանգության մասին լսումների լուսաբանման ժամանակ ոչ նախարարի, ոչ պատգամավորների ելույթները չեն ցուցադրվել, մոնոլոգ էր». խոսքը ԱԺ նախագահի ելույթի մասին է: Ու մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ որոշ մարդիկ շահագրգիռ են ատոմակայանը փակելու հարցում»:

«Խորհրդարանական շաբաթվա» կապակցությամբ իր բացասական դիրքորշումը հայտնեց նաեւ ՀՅԴ քարտուղար Հրայր Կարապետյանը: Վերջինս նկատեց, որ թեեւ ամեն ուրբաթ իրենք քննարկում են հաղորդման բովանդակությունը, բայց միայն վերջերս է այն «մի քիչ բարելավվել»:

«Մենք ենք խորհրդարանում ակտիվ եւ մեզ էլ ակտիվության ընթացքում ցույց են տալիս»,- փորձեց արդարանալ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը: Նա եւ Մհեր Շահգելդյանը նկատեցին, որ այդ հաղորդաշարը մանրամասն անդրադառնում է հանձնաժողովների գործունեությանը, արտահայտվելու իրավունք է տալիսանհատ պատգամավորներին, խումբ-խմբակցություններին:

Իսկ խորհրդարանի լիազորությունները ընդլայնվել են եւ այն, ըստ Սամվել Բալասանյանի նաեւ դիվանագիտական գործունեություն է իրականացնում: Ու այդ առումով նա արդարացված է համարում, որ Արթուր Բաղդասարյանին ավելի շատ են ցույց տալիս: «Եթե մոնոլոգ է, բա Գալուստ Սահակյանը ոնց է հայտնվում այդ հաղորդման մեջ»,- հարցրեց Մհեր Շահգելդյանը: Նրանք նկատեցին, որ «Ձեռագիր» խաղորդաշարն էլ այդ դեպքում կառավարության ղեկավարի մոնոլոգն է: Ապա նաեւ լրագրողներին խորհուրդ տվեցին ուշադիր դիտել, չափել խրոնոմետրաժը եւ ինքնուրույն դատել:

Ընդդիմությունն էլ, ի դեպ, գտնում է, որ «Խորհրդարանական շաբաթվա» դեմ ոտնձգությունները հենց իրենց երեք րոպեների դեմ է:

«Էդ ինչ է՝ էլի սեւ կատու է անցել մեջներով»,- լրագրողներից տեղեկանալով այդ հաղորդաշարի շուրջ տեղի ունեցող խմորումներին` արձագանքեց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը:

Իսկ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էլ հայտարարեց, որ դա միանշակ ընդդիմությանը նախընտրական տարում ձայնից զրկելու փորձ է: «Ա1+-ի փակման շարունակությունն է»,- ասաց «Արդարության» պատգամավոր Գրիգոր Հարությունյանը:

Բայց ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամներն էլ ընդգծում էին. այդ հաղորդման շուրջ ստեղծված խոսակցությունները միայն հաստատում են կոալիցիոն խմորումները: