«Բամբասանքի մթնոլորտը պետք է վերանա». ինչ խնդիրներ կան ռադիոյի առաջ (տեսանյութ)
«Մեկ տարի հետո կարող ենք գնահատական տալ, հիմա չեմ կարող գնահատել իր աշխատանքը»,-Արման Սաղաթելյանի՝ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում նշանակվելու առթիվ նման կարծիք հայտնեց դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ վերջինս այս պաշտոնի հավակնորդներից էր: Տիկին Ավետիսյանը կարծում է, որ բազում բարեփոխումներ պետք է իրականացվեն ռադիոյում: Վերջին տարիներին ինքը որևէ փոփոխություն չի նկատում այստեղ: «Ես ուսանող եմ եղել 1994-1998 թթ. համագործակցել եմ ռադիոյի հետ, նույն իրավիճակն է եղել, 2011 թվականին էլ, երբ աշխատել եմ այնտեղ, նույն մթնոլորտն էր: Եվ կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ բարեփոխումներ արվեն: Մեկ մարդը, որքան էլ պրոֆեսիոնալ լինի, երկար ժամանակ չպետք է ղեկավարի նույն պաշտոնում»: Տիկին Ավետիսյանը մեկ այլ խնդիր էլ է մատնանշում. «Ասում ենք՝ Հանրային ռադիո, կա՞ մի լրագրող, որը դեմք է: Մենք հեռուստադեմքեր ունենք, բայց ռադիոյում չունենք: Երբ ես աշխատում էի ռադիոյում որպես արտասահմանյան հաղորդումների ղեկավար, ունեի աշխատողներ, որոնք ստանում էին 55.000 դրամ, իսկ 55.000 դրամ ստացողը ոչնչի համար պատասխանատու չէ: Չկար փորձագետ, որ տեսներ՝ օտար լեզուներով թարգմանված նյութերը որակյա՞լ են, թե՞ ոչ: Ոչ ոքի պետքը չէր»: Ըստ գործչի՝ Հանրային ռադիոյում մի քանի խնդիրներ պետք է շտապ լուծվեն. «Պետք է թիմային մթնոլորտ ձևավորվի, բամբասանքի մթնոլորտը վերանա. անընդհատ բանուգործը թողած, սուրճի սեղանի շուրջ իրենց աշխատանքն են կազմակերպում, և այն էլ՝ ոչ որակյալ»,-շեշտեց նա: Բացի այդ, տիկին Ավետիսյանն ընդգծեց, որ այնտեղ չկա համապատասխան մասնագետ, մամուլի քարտուղար, ով այս ընթացքում կարող էր լրատվամիջոցներին հավուր պատշաճի տեղեկացնել տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի մասին: «Ես որևէ կորցնելու բան չունեմ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ եմ, բանասիրական գիտությունների թեկնածու եմ: Այսինքն, ես ունեմ իմ աշխատանքը»,-եզրափակեց իր խոսքը նա: